Խոսքը զբաղեցրած պաշտոնի բերումով ստեղծված սոցիալական ցանցի էջի առկայության մասին է, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից։ Դրա մասին մայիսի 7-ին Երևանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախընտրական շրջանում «Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան» ֆեյսբուքյան էջով տարածված նյութերը վարչական ռեսուրսի օգտագործում կհամարվեն։ Նշենք, որ տվյալ էջը ստեղծվել է Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում, ունի 1,2 միլիոն հետևորդ և ներկայացված է որպես ՀՀ վարչապետի պաշտոնական էջ (սոցիալական հարթակի կողմից տրվող պաշտոնական էջերի կապույտ նշանով)։
Հովակիմյանը նշել է, որ դա կախված է նրանից, թե ով է տվյալ էջի սեփականատերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությո՞ւնը, թե՞ հենց պաշտոնատար անձը (տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը)։
«Օրինակ՝ եթե վարչապետը փոխվի, ո՞վ է շարունակելու վարել այդ էջը»,- հակադարձ հարց է տվել ԿԸՀ նախագահը։
Նա, մասնավորապես, բերել է սեփական օրինակը։
«Ես Ֆեյսբուքում անձնական էջ ունեմ, որտեղ գրառումներ եմ կատարել որպես ԿԸՀ նախագահ։ Սակայն եթե ես լքեմ զբաղեցրած պաշտոնը, ոչ ոք չի կարող ինձնից խլել այդ էջը»,- պարզաբանել է Հովակիմյանը։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ հանձնաժողովը դիտարկում է բոլոր թեկնածուների էջերը, սակայն տարանջատում է պաշտոնական և անձնական օգտահաշիվները։
ԿԸՀ նախագահի պատասխանից այդպես էլ պարզ չդարձավ՝ արդյոք նախընտրական քարոզչության շրջանում Նիկոլ Փաշինյանի էջով տարածվող նյութերը կդիտարկվեն որպես Ընտրական օրենսգրքի խախտո՞ւմ, այսինքն՝ որպես վարչական ռեսուրսի օգտագործում հօգուտ իշխող «ՔՊ» կուսակցության։