Իրանը փորձում է նավագնացային ընկերություններին ստիպել Հորմուզի նեղուցով անցնելիս պահպանել նոր արձանագրությունը, հակառակ դեպքում նրանց հարձակում է սպառնում: Թեհրանը ներկայացրել է նեղուցով անցնող նավերի համար նախատեսված նոր կանոնների փաթեթ. դրա մասին ասվում է այն փաստաթղթում, որին ծանոթացել է CNN հեռուստաալիքը: Այսպիսով, Իրանը շարունակում է ջանքերը՝ պաշտոնականացնելու վերահսկողությունն այս ռազմավարական ջրային ուղու նկատմամբ՝ ի հեճուկս ԱՄՆ նախազգուշացումներին:
«Նավի մասին տեղեկության հայտարարագիր» կոչվող փաստաթուղթը հայտի ձև է, որը Իրանը թողարկել է վերջերս ստեղծված Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի վարչությունը (PGSA): Այն պետք է լրացնեն նեղուցով անցնող բոլոր նավերը՝ անվտանգ անցումն ապահովելու համար: Փաստաթուղթը CNN-ին է փոխանցվել Lloyd’s List հրատարակության և նավագնացության ոլորտի մեկ այլ աղբյուրի կողմից, ով ցանկացել է անանուն մնալ:
Նավագնացային ընկերություններին փոխանցված PGSA փաստաթուղթը ներառում է ավելի քան 40 հարց: Այն նավերից պահանջում է նշել անվանումը և նույնականացման համարը, հնարավոր նախկին անվանումները, ծագման և նպատակակետի երկիրը: Նաև անհրաժեշտ է նշել գրանցված սեփականատերերի և օպերատորների, անձնակազմի անդամների քաղաքացիությունը, ինչպես նաև տեղեկություններ բեռի մասին:
Ըստ PGSA-ի՝ այս տեղեկությունը պետք է էլեկտրոնային փոստով ուղարկվի գերատեսչություն՝ նախքան նավը կկարողանա անցնել նեղուցով:
Մինչև փետրվարի վերջ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավի մեկնարկը, նեղուցը բաց էր ցանկացած նավի անցման համար՝ անկախ դրանց ծագումից: Սակայն հակամարտության սկզբից ի վեր Իրանը սպառնում է հարձակվել ցանկացած նավի վրա, որն անցնում է Հորմուզով առանց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի թույլտվության:
Մի շարք նավեր արդեն ենթարկվել են հարձակումների, սակայն նավատերերի և օպերատորների մեծ մասը նախընտրում է ռիսկի չդիմել և նավերը նեղուցով չի ուղարկում ՝ շրջանցելով Իրանի պահանջները:
Նեղուցի կառավարման համար առանձին մարմնի ստեղծումն ընդգծում է Իրանի ձգտումը՝ ամրապնդելու վերահսկողությունն այս տարածաշրջանի նկատմամբ, որը նա դիտարկում է որպես «պատերազմի ավար», չնայած ԱՄՆ-ի և տարածաշրջանի երկրների բազմաթիվ նախազգուշացումներին:
Այս ջրային ուղու նկատմամբ վերահսկողությունը, որով անցնում է համաշխարհային նավթի և հեղուկացված բնական գազի մոտ մեկ հինգերորդ մասը, Իսլամական Հանրապետությանը էական ազդեցություն է տալիս հարևան երկրների և համաշխարհային տնտեսության վրա: Հորմուզի նեղուցի փակումը նախկինում առաջացրել էր պատմության մեջ նավթային ամենամեծ շոկը՝ կտրուկ բարձրացնելով էներգակիրների գները: Չորեքշաբթի ԱՄՆ-ում բենզինի գները վերջին չորս տարվա մեջ առաջին անգամ գերազանցել են 4,50 դոլարը՝ մեկ գալոնի դիմաց:
Չորեքշաբթի Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի տելեգրամյան ալիքը հրապարակել է հաղորդագրություն, որում շարադրված է Պարսից ծոցի վերաբերյալ նրա տեսլականը: Առաջնորդը կոչ է արել հաստատել «տարածաշրջանային և համաշխարհային նոր կարգ՝ հզոր Իրանի ռազմավարության ներքո», որում տեղ չի լինի օտարերկրացիների «և նրանց վնասակար գործունեության համար»։ Նա առանձնահատուկ նշել է «նեղուցի փակման լծակի օգտագործումը»՝ որպես այդ ռազմավարության իրականացման գործիքներից մեկը:
Ապրիլի վերջին Խամենեիին վերագրվող հայտարարության մեջ ասվում էր, որ Իրանն այդ տարածքում նավագնացության վերահսկման մեխանիզմ կստեղծի: Իրանը կներդնի «իրավական նոր շրջանակներ և Հորմուզի նեղուցի կառավարման համակարգ», ասվում էր հայտարարության մեջ, ինչը, ըստ նրա, օգուտ կբերի հարևան երկրներին և տնտեսապես արդյունավետ կլինի:
Հայտարարության մեջ նաև նշվում էր.
«Հազարավոր կիլոմետրեր հեռվից ժամանած օտարերկրացիները, որոնք գործում են շահադիտական և թշնամական դրդումներով, տեղ չունեն այնտեղ, բացի նրա ջրերի հատակից»։