Բրիտանական The Telegraph պարբերականը մանրամասներ է հայտնել նախկին արքայազն Էնդրյուի (որն այժմ կրում է միայն Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը) տան մոտ զինված տղամարդու ձերբակալության վերաբերյալ։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Մաունթբաթեն-Վինձորն իր նոր տան մոտակայքում ենթարկվել է դիմակավորված տղամարդու սպառնալիքներին:
Չորեքշաբթի՝ տեղական ժամանակով մոտ 19:30-ին, նախկին արքայազնը շների հետ զբոսնելիս է եղել Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմ կալվածքի շրջակայքում, երբ ավտոմեքենայից դուրս է եկել մի տղամարդ և, գոռալով, ուղղվել է դեպի արքայազն Էնդրյուն։
Ինչպես հայտնի է դարձել The Telegraph-ին, տղամարդը նստած է եղել իր ավտոմեքենայում, երբ իրենից մոտ 50 յարդ հեռավորության վրա նկատել է Մաունթբաթեն-Վինձորին:
Յորքի նախկին դուքսը, որին ուղեկցել է նրա անձնական թիկնազորի անդամը, նետվել է մոտակայքում կայանված իր ավտոմեքենան և մեծ արագությամբ հեռացել, մինչդեռ կասկածյալն, ըստ տեղեկությունների, փորձել է հասնել նրան։
Տղամարդը ձերբակալվել է զենք պահելու և հասարակական կարգը խախտելու կասկածանքով:
Միջադեպը տեղի է ունեցել հանրային տարածքում՝ Սանդրինգհեմի թագավորական այգու հարևանությամբ գտնվող ճանապարհին։
Տեղեկացվել է Նորֆոլկի ոստիկանությունը, և սպաները ժամանել են դեպքի վայր, որտեղ ձերբակալել են կասկածյալին և նրան տեղափոխել հարցաքննության: Ոստիկանները նաև խուզարկել են տղամարդու ավտոմեքենան՝ զենքի որևէ հետք հայտնաբերելու նպատակով։
Դեպքը տեղի է ունեցել Մարշ-Ֆարմի մոտակայքում՝ Սանդրինգհեմյան կալվածքի այն հատվածում, որտեղ Մաունթբաթեն-Վինձորը տեղափոխվել էր անցյալ տարի Վինձորի Ռոյալ-Լոջը լքելուց հետո:
Հայտնի է դարձել, որ նախկին դուքսը ցնցված է եղել. նրան և նրա անձնական թիկնապահին խնդրել են ցուցմունք տալ:
Մտավախություններ կան, որ գյուղական վայր տեղափոխվելուց հետո նա կարող է ենթարկվել անվտանգության ավելի մեծ սպառնալիքների։
2024 թվականին թագավորն իր կրտսեր եղբորը զրկել էր անձնական նպաստից և մասնավոր պահպանությունից՝ սեքսուալ հանցագործ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված աղմկահարույց սկանդալից հետո:
Այն բանից հետո, երբ անցյալ տարվա վերջին Մաունթբաթեն-Վինձորը համաձայնեց ազատել տարածքը և տեղափոխվել Սանդրինգհեմ, անվտանգության հարցը դարձավ առանձնահատուկ մտահոգության առարկա:
Նորֆոլկի կալվածքը մեծապես բաց է հանրության համար և նախկին դքսին չի ապահովում այն պաշտպանությունը, որը նա ուներ Վինձորի թագավորական անվտանգության գոտում: