Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութա-հումանիտար և համամարդկային կապերը շարունակում են մնալ մեր հարաբերությունների հենասյուներից մեկը։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Իրավունք» մեդիահոլդինգի հարցազրույցում։
«Դրանք հիմնված են դարավոր բարեկամության, փոխօգնության, համատեղ պայքարի և աշխատանքի, հերոսական հաղթանակների ու մեծ նվաճումների վրա։ Համատեղ պատմության ամենակարևոր միավորող իրադարձությունների շարքում է նացիզմի նկատմամբ ընդհանուր Հաղթանակը։ Հայաստանի ներդրումը այդ Հաղթանակում դժվար է գերագնահատել։ Ճակատ են մեկնել ավելի քան 600 հազար հայ ժողովրդի որդիներ և դուստրեր, որոնք բոլոր խորհրդային ժողովուրդների կողքին ուս ուսի տված պաշտպանել են միասնական Հայրենիքի ազատությունն ու անկախությունը։ Մեծ Հայրենական պատերազմի պատմության մեջ հավերժորեն գրված են Խորհրդային Միության լեգենդար զինվորական առաջնորդների, մարշալների և ծովակալների անունները՝ Հայաստանից սերված անձանց անունները։ Անգնահատելի է նաև թիկունքի աշխատողների ներդրումը Հաղթանակում, որոնք չխնայելով ուժերը՝ աշխատում էին ձեռնարկություններում, կոլտնտեսություններում, արտադրամասերում ու արհեստանոցներում՝ ռազմաճակատին ապահովելով անհրաժեշտ ամեն ինչով։ Ինչպես հիշում եք, 2024 թ. Մոսկվայում ԱՊՀ գագաթնաժողովում սահմանվել է Համագործակցության պատվավոր կոչումը՝ «1941-1945 թթ. աշխատանքային փառքի քաղաք»։ Այսօր այդ կարգավիճակը շնորհվել է 19 քաղաքների, այդ թվում՝ հայկական Գյումրիին», – նշել է դեսպանը։
Դիվանագետը ափսոսանքով հավելել է, որ այսօր նացիզմը կրկին գլուխ է բարձրացնում՝ Եվրոպայի երկրներում ուժ է հավաքում պատմական ճշմարտության խեղաթյուրման, հիտլերականների և նրանց հանցակիցների արդարացման, աշխարհը «շագանակագույն ժանտախտից» ազատագրելու գործում Խորհրդային Միության վճռորոշ դերի ջնջման քարոզարշավը։
«Այս համատեքստում շնորհակալ ենք մեր հայ գործընկերներին՝ Ռուսաստանի կողմից ամեն տարի ներկայացվող՝ նացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին կանոնավոր աջակցության և համահեղինակության համար», – ընդգծել է դեսպանը։