Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են «հրադադարի» սկսվելուց հետո ռազմական գործողությունները շարունակելու մեջ

Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են ռազմական գործողությունները շարունակելու մեջ՝ «հրադադարի» սկսվելուց հետո, որը միակողմանիորեն հայտարարել էր Մոսկվան կեսգիշերից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում հայտնել է, որ Ռուսաստանի կողմից անգամ «ճակատում կրակը դադարեցնելու իմիտացիոն փորձ չի եղել»։

Նրա խոսքով՝ գիշերը արձանագրվել են ճակատային դիրքերի ավելի քան 140 գնդակոծություն և 10 գրոհային գործողություն, ինչպես նաև անօդաչու սարքերով հարյուրավոր հարվածներ։ «Ինչպես նախորդ օրվա, այնպես էլ այսօրվա արդյունքներով Ուկրաինան կգործի հայելային կերպով», – հայտնել է նա։

ՌԴ պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, որ կեսգիշերից բոլոր ռուսական զորախմբավորումները «ամբողջությամբ դադարեցրել են մարտական գործողությունները», մինչդեռ Ուկրաինայի զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել։ Ընդհանուր առմամբ, «հատուկ ռազմական գործողության» գոտում, ըստ գերատեսչության, արձանագրվել է հրադադարի ռեժիմի 1 365 խախտում։

«Այս պայմաններում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հայելային կերպով արձագանքել են հրադադարի խախտումներին։ Հակահարվածներ են հասցվել հրետանու և ականանետերի կրակային դիրքերին։ Խոցվել են կառավարման կետերը և ԱԹՍ-ների արձակման վայրերը», – հայտնել է գերատեսչությունը։

«Հրադադարը» ՌԴ իշխանությունների կողմից հայտարարվել է միակողմանիորեն, ենթադրվում էր, որ այն կգործի մայիսի 8-ին և 9-ին։

Ուկրաինան պաշտոնապես չի միացել հրադադարին։ Ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ եթե Ուկրաինայի զինված ուժերը շարունակեն իրենց հարձակումները, ապա Կիևի կենտրոնին կհասցվի «կործանարար» հարված։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *