Որն է Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ ատելության իրական պատճառը

Ինչո՞ւ են Ալեն Սիմոնյանը կամ նրա վերադաս Նիկոլ Փաշինյանն այդքան ատում Բելառուսը եւ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ, ընդհակառակը՝ չափազանց շատ գնահատում Ուկրաինային եւ այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Ալեն Սիմոնյանը Բելառուսին մեղադրել էր դրսից` Ռուսաստանից կառավարվելու մեջ, նախորդ օրն էլ հայտարարել է. «Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնելու է։ Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար եւ ինձ համար անընդունելի է։ Հայաստանն ազատ երկիր է` իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով, օրենքի գերակայությամբ»:

Թե որքանով է Հայաստանի քաղաքական կախվածության մակարդակը բարձր Բելառուսի քաղաքական կախվածությունից, կարելի է դատել ընդամենը մեկ օրինակով. որեւէ երկիր չի ստիպում Բելառուսին՝ փոխել իր Սահմանադրությունը, չի ստիպում Բելառուսին՝ հրաժարվել իր Անկախության հռչակագրից, եւ Բելառուսում էլ խոնարհաբար չեն հայտարարում, որ պատրաստ են կատարել արտաքին թելադրանքը: Ինչ վերաբերում է Հայաստանի ազատ լինելուն, խոսքի ազատության մասին պնդումներին, ապա պետք է հիշել, որ Հայաստանի իշխանության որեւէ ներկայացուցիչ այժմ իրավունք չունի արտասանել «Արցախ» բառը, ո՞վ է տեսել մի ազատ երկիր, որտեղ կա խոսքի ազատություն, սակայն այդ երկրում որեւէ բառ արգելքի տակ է: Եթե իրենց հաջողվի Հայաստանը դարձնել ադրբեջանական ծայրագավառ, Հայաստանում երանի են տալու Բելառուսում առկա քաղաքական եւ քաղաքացիական ազատություններին, քանի որ արգելված բառերի ու արտահայտությունների քանակն օրեցօր է ավելանալու:

Սիմոնյանի ատելությունը Բելառուսի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ ոչ մի կապ չունի 44-օրյա պատերազմի ժամանակ կամ դրանից առաջ Բելառուսի կողմից Ադրբեջանին տրամադրված ռազմատեխնիկական աջակցության հետ, ինչպես ինքն է փորձում ներկայացնել: Ուկրաինան անհամեմատ ավելի մեծ աջակցություն է տրամադրել Ադրբեջանին, Չեխիան արդիականացված հրետանային համակարգեր է մատակարարել, բայց այդ երկրներին ոչ մի մեղադրանք չկա, այդ երկրների եւ դրանց ղեկավարների հետ հարաբերությունները փայլուն են: Ատելությունը Լուկաշենկոյի նկատմամբ դրսեւորվում է ընդամենը մի պատճառով. նա 2020 թվականի ամռանը թույլ չտվեց, որ իր ղեկավարած երկրում տեղի ունենա այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ 2018 թվականի գարնանը, Ալեքսանդր Լուկաշենկոն թույլ չտվեց, որ դրսից կառավարվող եւ ֆինանսավորվող ուժերը Բելառուսում հակասահմանադրական հեղաշրջում` գունավոր հեղափոխություն անեն: Ահա թե որն է Փաշինյանի եւ Սիմոնյանի` Լուկաշենկոյի նկատմամբ տածած ատելության իրական պատճառը․ Լուկաշենկոն նրանց համակարգային թշամին է, այնպես, ինչպես ՌԴ նախագահը: Թե չէ՝ 44-օրյա պատերազմ, աջակցություն Ադրբեջանին… եթե այդ չափանիշով դատենք, Փաշինյանն ու Սիմոնյանը Ադրբեջանին ավելի շատ են աջակցել, քան Թուրքիան, Բելառուսը, Ուկրաինան, Պակիստանը, Իսրայելը եւ մյուս բոլոր երկրները միասին վերցրած:

Մայիսի 4-5-ը Երեւանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւս մեկ անգամ ապացուցեց, հաստատեց, որ 2018 թվականի մայիսի 8-ին Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե ոչ բռնի, թավշյա ու չգիտեմ էլ ինչ հեղափոխություն էր, այլ՝ դասական գունավոր հեղաշրջում, երբ արտաքին ճնշման, շանտաժի ու բռնության համադրմամբ, գործող քաղաքական մեծամասնությանը ստիպեցին իշխանությունը հանձնել ագրեսիվ փոքրամասնությանը: Պատահական չէր, որ Հայաստան էին հրավիրել հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների բոլոր շահառուներին` Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն եւ Բելառուսի չկայացած նախագահ Սվետլանա Տիխանովսկայային: Պակասում էր միայն Վրաստանի վարդերի հեղաշրջման կազմակերպիչ Միխայիլ Սահակաշվիլին․ նա էլ կլիներ, եթե բանտում չլիներ:

Սա միայն անցյալի մասին չէ, սա միայն 8 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների գնահատական չէ, սա նաեւ ապագայի մասին է: Մեկ ամիս հետո Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, եւ այդ ընտրությունները երկրում 8 տարի առաջ տապալված սահմանադրական կարգը վերականգնելու մասին են, որը հնարավոր է միայն հեղաշրջման կազմակերպիչներին հեռացնելով: Վրաստանում դա հնարավոր եղավ անել. 2003 թվականին տեղի ունեցած հեղաշրջումից` Վարդերի հեղափոխությունից 9 տարի հետո Վրաստանի ժողովուրդը եւ քաղաքական էլիտան կարողացան խորհրդարանական ընտրությունների միջոցով իրենց երկրում վերականգնել սահմանադրական կարգը: Մի բան, որ հաջողվեց Վրաստանում, միանգամայն հնարավոր է իրականացնել Հայաստանում:

Այն, որ ներկայիս Վրաստանը հակաժողովրդավարական երկիր է կամ գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ, բացարձակ կեղծ ու սուտ պնդում է: Ուղղակի Վրաստանի իշխանությունը եւ ավելի լայն առումով՝ քաղաքական էլիտան համարում են, որ իրենք անկախ պետություն են եւ թույլ չեն տալիս, որ ԵՄ չինովնիկներն իրենց երկրում վարչապետ կամ նախագահ նշանակեն ու ազատեն, մի բան, որն անում են իրենց ազդեցության տակ գտնվող մյուս փոքր ու մեծ երկրներում: ԵՄ-ում էլ դժվարությամբ են հաշտվում դրա հետ: Վրաստանը պրոռուսական լիներ, այդ երկրի վարչապետին չէին հրավիրի ԵՔՀ երեւանյան գագաթնաժողովին, կամ` նրանք կհրաժարվեին մասնակցել՝ համարելով, որ դա իրենց տեղը չէ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *