
Իհարկե, գլխի ընկաք, որ սա մեծարգոյի մտքի «գոհարներից» է՝ ուղղված ընդդիմությանը։ «Դուք ո՞վ եք»։ Ասել կուզե՝ ես աշխարհի մեծամեծների հետ նստում-վեր եմ կենում, կառավարության նիստին նախարարներն իմ՝ ներս մտնելիս ոտքի են կանգնում, դուք եկել՝ սատանի մայլեն քյանդրբազություն եք անում։
Վերջերս մահկանացուն կնքեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ Ասում են՝ Արցախի, հազարավոր տղաների կորստի ցավը քայքայեց նրա հոգին ու մարմինը։ Չդիմացավ։ Մարդը երբեք գործարքի չգնաց իր խղճի հետ։ Սա ասում էին եւ նրանք, ովքեր մեր ողբերգության համար իշխանության հասցեին մի երկու թեթեւ կսմիթից հետո գտնում էին, որ․․․ բոլորս ենք մեղավոր, եւ փոսից դուրս գալու իրենց բանաձեւն ունեին՝ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով։ Հիմարագույն թեզ, որ հիմնականում լսում ես մորթապաշտների կողմից։ Այս միտքը գեներացնողներից մեկը լուսահոգի մտավորական Արման Մանարյանի կողքին չգիտես ինչու եւ ինչպես հայտնված Տիկնիկային թատրոնի գեղղեկավար Ռուբեն Բաբայանն է (այս մտքի հետ համերաշխ է նաեւ ըմբոստ մաեստրո Օհան Դուրյանի որդին, քաղաքականությունից սարսափող Նարեկը․ օ՜, լա, լա․․․)։ Որին ուզում ես հարցնել՝ բա ինքդ ի՞նչ գործ ունես քաղաքականության հետ, մարդ Աստծո։
Եթե բոլորս, գլուխներս կախ, մեր գործը պիտի անենք, հարց՝ ինչո՞ւ էր Հովհաննես Թումանյանը (որի անունով կոչվում է ձեր թատրոնը) ազգի դարդուցավով տապակվում։ Ի՜նչ գլուխգործոցներ կարող էր ստեղծել, եթե լսեր Ձեզ․․․ Ինչո՞ւ էին 88-ին Մոսկվայում Արցախի հարցի արդարացի լուծման պահանջով հացադուլ անում աշխարհահռչակ Վիկտոր Համբարձումյանը (82-ամյա), թատրոնի նահապետ Սոս Սարգսյանը, գրող Զորի Բալայանը, այլ մտավորականներ եւ նույնիսկ Վազգեն Առաջին Վեհափառը։
Հակոբ Մովսեսի գործը, կարծես թե, գրելն է, բայց խցկվում է կեղտոտ քաղաքականության մեջ, իրեն հատուկ խոհափիլիսոփայական խուճաճանքով թիկունք կանգնում վարչապետին (ուր ենք հասել, որ ազգիս բանաստեղծ կոչվածի բարեվարքության հարցն է քննարկվում ԱԺ-ում), իրեն պատեպատ խփելով՝ արդարացնում նրա ակնհայտ հակահայ քայլերը (իսկ ի՞նչ է մտածում «Գարունի» նախկին խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանն իր նախկին աշխատակցի մասին)։
Ի վերջո․ ո՞վ եք, ի՞նչ եք ձեզնից ներկայացնում, հայ մտավորականներ։ Մեզ նորանոր փորձանքներ խոստացող այս քաոսում ձեր խոսքը ե՞րբ պիտի լսվի։ Իսկ այդ պահին այն արժեք կունենա՞։ Հարգանքի է արժանի Գուրգեն Խանջյանը՝ գրողական իր ճշմարիտ ու համարձակ կեցվածքի համար, բայց նա, ցավոք, Ցիցերոն չի դառնա․․․ Բա չեք ասի՝ մենք նաեւ Գիտությունների ազգային ակադեմիա ունենք, որի ստեղծումը կարեւորվել է երկրի համար դաժանագույն՝ 1943 թվին։ Հիմա՝ 83 տարի անց, վերացման եզրին է։ Տարեկան ընդհանուր ժողովից հետո, լրագրողի դիտարկմանը, թե այս անգամ չկային նախորդների սուր ելույթներն ու բանավեճերը, որ գիտնականները զգուշավոր էին ու պասիվ, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն արդարանում է․ «Մենք սկսել ենք քաղաքակիրթ ակադեմիական ոճով մեկնաբանել ամեն ինչը… Այս տարվա ժողովի առանձնահատկությունն այն էր, որ ավելի ակադեմիական, բարձր մակարդակով էին արտահայտում մտքերն ու գաղափարները»։ Ուզում ես ասել՝ այ հեր օրհնած, եթե սա էր ձեր թափը, ի՞նչ էիք, ջուրը չտեսած, քշտել փողքերդ, թե՝ պահանջում ենք վարչապետի հրաժարականը։ Գոնե Հովսեփ Օրբելուց ամաչեք․․․
Ազգի մեծությունը չի չափվում նրա թվով, ինչպես մարդու մեծությունը չի չափվում նրա հասակով, միակ չափորոշիչը նրա մտավոր զարգացածությունն է ու բարոյական մակարդակը։ Վիկտոր Հյուգոն այս տողերը գրելիս գուցե մեզ էլ է նկատի ունեցել։ Մտավորի հարցում Աստված տվել՝ չի խնայել։ Գիտության, արվեստի եւ գրականության ի՜նչ գիգանտներ ենք նվիրել աշխարհին, իսկ, ահա, բարոյական մակարդակը, հատկապես՝ այսօր, ողբալի է։ Ինչ-որ տեղ «հասկանալի» եւ օրինաչափ է համարվում փոքրումեծ պաշտոնյաների կաշառակերությունը, բայց երբ կրթության ոլորտն է պղծվում, սա, ինչպես ասում են, վերջն է։ Վերջերս Մանկավարժական համալսարանի, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի, այլ բուհերի պաշտոնյաներ մեղադրվել են ապօրինությունների ու կաշառակերության մեջ։ Այս մարդիկ երկար ժամանակ մանկավարժներ են պատրաստել․․․
Պատկերացրեք մի երկիր, որի բրենդային համարվող համալսարաններից մեկի՝ տնտեսագիտականի ռեկտորը, պարզվում է․․․ շարքային գող է։ Քչերը գիտեն, որ Դ․ Գալոյանը 2017-ին ԱՄՆ-ում, հագուստի խանութից ինչ-որ բան թռցնելիս բռնվել է, 2 օր նստել բանտում, 30 օրվա հարկադիր աշխատանք էին նշանակել՝ 3 տարվա փորձաշրջան, պարտադրել, որ մեկ տարի անց ներկայանա՝ պահանջների կատարման ապացույցներով։ Սակայն տիկինը չի ներկայացել, եւ դատարանի կողմից տրվել է ձերբակալման հրաման եւ հետախուզում։ Արտառոցն այն է, որ դատապարտված եւ հետախուզվող տիկինը 2020-ին կառավարության որոշմամբ ստանձնում է բուհի ռեկտորի պաշտոնը։ 2023-ին հիշեցին այս գործի մասին, աղմուկից շատ չանցած՝ «հերոսը» ճարահատյալ հրաժարական տվեց։ Գուցե պետք չէր այս կերպարին անդրադառնալ, բայց պատեհապաշտները, պատվախնդրությունից ու արժանապատվությունից զուրկ մարդիկ են քանդել ու քանդում մեր չքնաղ երկիրը։
Սիմոն Հակոբյան