«Տեղի է ունեցել զրույց Ռուսաստանի ԱԳՆ–ի հրավերով, հանդիպել ենք, լսել ենք իրենց կողմից հնչեցված հարցերը, թեզերը և դրանք փոխանցել ենք Երևանին»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Ռուսաստանի ԱԳՆ–ն ՀՀ դեսպանին հրավիրել է և իր բողոքն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսիին Երևանում ընդունելու վերաբերյալ։
Դիտարկմանը, որ ըստ ռուսական լրատվամիջոցների արտգործնախարարությունում Հայաստանի դեսպանին փոխանցել են, որ Երևանում Զելենսկուն հարթակ տրամադրելը հակասում է դաշնակցային պարտավորություններին, Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Այդ մեսիջը եղել է ռուսական հեռուստաալիքներով, ռուսական պաշտոնյաների կողմից հնչել են նմանատիպ տարբեր հայտարարություններ»։
Դեսպանը հորդորեց մանրամասներին տեղեկանալ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Հարցին՝ հայ-ռուսական հարաբերությունները որքանո՞վ են հարվածի տակ հայտնվել այս իրադարձությունների ֆոնին, Արսենյանը պատասխանեց. «Հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են այն նույն մակարդակի վրա, որում գտնվում էին վերջին ժամանակահատվածում։
Ապրիլի 1–ին վարչապետի այցը Մոսկվա արձանագրեց հայ-ռուսական հարաբերությունների ողջ ծավալը։ Մենք հիշում ենք, որ վարչապետը այդ այցը գնահատեց հաջող և արդյունավետ, որն իր մեջ պարունակում է նաև ընթացիկ վիճակի գնահատականը»։
Հիշեցմանը, որ այդ այցիցի հետո շատ կոշտ հայտարարություններ հնչեցին Ռուսաստանից, մասնավորապես փոխվարչապետ Օվերչուկի կողմից՝ տնտեսական հնարավոր հետևանքների մասին, ՀՀ դեսպանն ասաց. «Նմանատիպ հայտարարություններ լինում են, տարբեր կարծիքներ կան զրուցակիցների մոտ այն հարցի հետ կապված, որը վերաբերում է Հայաստանի կողմից որդեգրած՝ Եվրամիության հետ ավելի սերտ ավելի մոտ հարաբերություններ ունենալու վերաբերյալ»։
Անդրադառնալով այն տվյալներին, որ այս տարվա սկզբից հայ-ռուսական առևտրի ծավալները պակասել են, դեսպանը նշեց, որ էական անկում չի գրանցվել։
«Տեղի է ունենում որոշակի ապրանքային խմբերի առևտրի ավելացում, որոշակի ապրանքային խմբերի առևտրի նվազում, և դա պայմանավորված է օրենսդրական որոշակի փոփոխություններով, որոնք ընդունվել են Հայաստանում և Ռուսաստանում։ Սակայն էական անկում չկա, մենք ունենք մեր տնտեսության կողմից արվող որոշակի փոփոխություններ, որոշ կարողություններ են ուժի մեջ մտնում, որոշակի կարողություններ դուրս են գալիս ակտիվ տնտեսական գործունեության դաշտից»,–ասաց նա։
Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, Գուրգեն Արսենյանն ասաց. «Ես ռուս պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ միշտ ասում եմ՝ ես այս պահին չեմ մտածում հունիսի 7–ի մասին որպես դեսպան, ես այս պահին սկսում եմ մտածել հունիսի 8–ի մասին, որովհետև հունիսի 7–ը կլինի, Հայաստանում կձևավորվի իշխանությունը, մեր հարաբերությունները պետք է շարունակվեն, ու այդ հարաբերությունների հետ կապված մեր օրակարգը, ծանրաբեռնվածությունը, գործողությունները պետք է շարունակել բնականոն հունով»։