Իսպանիայի հարավ-արևելյան Ալիկանտե նահանգի 32-ամյա բնակչուհու մոտ առկա են հանտավիրուսային վարակին համապատասխանող ախտանիշներ, և նա հետազոտություն է անցնում, Reuters-ին հայտնել են Իսպանիայի առողջապահական մարմինները:
Կինը եղել է նույն չվերթի ուղևորուհին, ինչ այն բուժառուն, որը մահացել էր Յոհանեսբուրգում՝ MV Hondius զբոսանավով ճանապարհորդելուց և վիրուսով վարակվելուց հետո, լրագրողներին հայտնել է առողջապահության պետքարտուղար Խավիեր Պադիլյան:
Կնոջ մոտ նկատվում են «թեթև շնչառական ախտանիշներ», և նրան տեղափոխում են Ալիկանտե քաղաքի հիվանդանոց, որտեղ նա վիրուսի թեստ կհանձնի: Արդյունքները սպասվում են 24-48 ժամվա ընթացքում՝ ըստ տարածաշրջանային առողջապահության դեպարտամենտի կայքում զետեղված հայտարարության:
Պադիլյան հայտարարել է, որ կինը, ով Վալենսիայի տարածաշրջանի Ալիկանտե քաղաքի բնակչուհի է, նստած է եղել զբոսանավի ուղևորից երկու շարք հետ, սակայն նրանց միջև շփումը եղել է «կարճատև», քանի որ ուղևորը թռիչքի ժամանակ օդանավում գտնվել է միայն «կարճ ժամանակով»։