Եթե վարչապետը քաղաքացուն ասում է՝ կզբաղվեմ այդ հարցով, դա խոստում է որպես վարչապետ, ինչը խախտում է. Հովհաննիսյան

Գործող իշխանության ցանկացած ներկայացուցիչ, որը գտնվում է արձակուրդում, բայց ներառված է նաև ընտրական ցուցակում և այսօրվանից քարոզչություն է իրականացնում, շատ բարդ է լինելու տարանջատել նրա այս կամ այն հայտարարությունը ընտրական օրենսգրքի խախտում պարունակում է, թե ոչ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Այստեղ իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի և նաև ցանկության խնդիրը պիտի լինի, որովհետև եթե գալիս են, ասում են, օրինակ՝ պարոն վարչապետ, այսինչ հարցը ասել էիք, չեն լուծել, ասում է՝ դե լավ հիմա ես կզգուշացնեմ, սա միանշանակ, պաշտոնական լիազորությանը բնութագրվող դրսևորում է և այդ պահին թեկնածուի կողմից դա հնչեցնելը պրոբլեմ է առաջացնելու, որովհետև դա կարող է դիտարկվել խոստում։ Թեկնածուն, որը նաև գործող վարչապետն է, անկախ նրանից արձակուրդում է, թե ոչ, ինքը խոստում տվեց։ Հետևաբար շատ զգույշ պետք է լինի իր խոսքի մեջ։ Օրինակ, այդ դեպքերում պիտի ասի՝  երբ արձակուրդը կավարտվի, ես կվերադառնամ պաշտոնական պարտականությունների կատարմանը, կանդրադառնամ այդ հարցին: Հիմա ես այստեղ որպես թեկնածու եմ։

Բնականաբար, քաղաքացիները չեն մոտենում վարչապետին որպես թեկնածուի, իրենք մոտենում են վարչապետին, և ամեն ինչ կախված է իր արձագանքից։ Եթե նորմալ արձագանքեցին որպես թեկնածու, ուրիշ բան, բայց եթե հանդես եկան ի պաշտոնե և խոստում տվեցին, բոլոր սահմանափակումները իրենց վրա ևս հավասարապես տարածվում են»,–ասաց Հովհաննիսյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *