Այսօր իշխանությունների գլխավոր խոստումը պատերազմն է, որովհետև նրանք այլևս ասելիք չունեն, իսկ մենք առաջարկում ենք անվտանգության մեր մոդելը՝ արդիական ու մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Այդ մասին մայիսի 8-ին Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Մարդկությունը դեռևս այլ մոդել չի հորինել։ Մեզ սպառնում են պատերազմով, բայց կա մի պարզ ճշմարտություն. ագրեսորը պատերազմ է սկսում այն ժամանակ, երբ համոզված է, որ հաղթելու իր շանսերը շատ բարձր են։ Մնացած դեպքերում ոչ մի երկիր պատերազմ չի սկսում։
Մենք ձգտում ենք խաղաղության, սակայն խաղաղությունը պետք է լինի հաստատուն, երաշխավորված և ունենա երաշխավորներ։ Խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ մարդու քմահաճույքից։ Դա խաղաղություն չէ, այլ խայտառակություն, և մենք դա թույլ չենք տա»,- ընդգծել է Քոչարյանը։