Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը պատրաստվում են Պեկինում անցկացվելիք լայնամասշտաբ գագաթնաժողովին, որի ֆոնին աճում են խոսակցությունները Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր գործարքի մասին, գրում է Bild-ը։
Թրամփը, հիասթափված լինելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքորոշումից, փաստացի Չինաստանի համար ճանապարհ է բացել՝ ստանձնելու գլխավոր միջնորդի դերը։
Պեկինի առանցքային շահը շարունակում է մնալ Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը, քանի որ Չինաստանը սպառում է իրանական նավթի արտահանման մինչև 90%-ը, իսկ այդ երթուղու կայունությունը կրիտիկական նշանակություն ունի չինական տնտեսության համար։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է Պեկինին դիվանագիտության մեջ ներգրավելու կուրսը՝ նշելով տարածաշրջանում տնտեսական շահերի ընդհանրությունը։
«Չինաստանն ավելի ու ավելի է իրեն տեսնում գլոբալ տնտեսական կայունության երաշխավորի դերում։ Միևնույն ժամանակ, Չինաստանը շեշտը դնում է ճկունության վրա և ցանկանում է խուսափել պաշտոնական գործընկերություններից, հատկապես այնպիսի անկանխատեսելի երկրի հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է Թրամփի օրոք»,- հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Սքոթ Էրբը։
Հաջորդ շաբաթ երկու գերտերությունների առաջնորդները կհանդիպեն անձամբ։ Թրամփը, որը բազմիցս Սի Ծինպինին անվանել է «հիանալի տղա» իրանական հակամարտությանը չմիջամտելու համար, ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, հույս ունի գագաթնաժողովին ներկայանալ արդեն պատրաստի խաղաղության համաձայնագրով։