Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Կլինգբայլը ներկայացրել է հարկային եկամուտների չափազանց հոռետեսական կանխատեսումը։ Ըստ նոր տվյալների՝ արդեն ընթացիկ տարում պետական գանձարանը 17,8 միլիարդ եվրոյով պակաս կստանա, քան ակնկալվում էր աշնանը, գրում է Bild-ը։
Ֆինանսական ձախողման գլխավոր պատճառը իշխանություններն անվանում են Իրանում ընթացող պատերազմի տնտեսական հետևանքները, որոնք հանգեցրել են համաշխարհային էներգետիկ ճգնաժամի և դանդաղեցրել Գերմանիայի տնտեսական աճը։
Իրավիճակը հատկապես ցավոտ կհարվածի դաշնային բյուջեին. 2026 թվականին եկամուտների դեֆիցիտը կկազմի գրեթե 10 միլիարդ եվրո։ Շրջանները և համայնքները ևս ստիպված են կրճատել ծախսերը միլիարդավոր եվրոների պակասուրդի պատճառով։
Ֆինանսների նախարարության կանխատեսումներով՝ մինչև 2030 թվականը բյուջեի ընդհանուր կորուստները կհասնեն 87,5 միլիարդ եվրոյի։ Կլինգբայլը տեղի ունեցողի պատասխանատվությունն ուղղակիորեն բարդել է արտաքին գործոնների վրա՝ Իրանում ԱՄՆ-ի գործողություններն անվանելով «Թրամփի անպատասխանատու պատերազմ», որը քայքայում է համաշխարհային տնտեսությունը։