Պետք է գնանք հաղթելու ճանապարհով. Նարեկ Կարապետյան

Սա մեր ազգի համար կարևոր նշանակություն ունի նաև նրանով, որ դժվարությամբ, հույսի ամենավերջին կաթիլը պահելով, հասել ենք հաղթանակի, հաղթել ենք ֆաշիզմը և ձեռք ենք բերել ինքնիշխան մեր երկրում ապրելու իրավունք։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Եթե լավ աշխատենք, եթե ճիշտ զարգացնենք մեր երկիրը, մենք կունենանք հաղթանակ։ Այսօր ուզում են հայ և հաղթանակ բառերը իրարից հեռացնել։ Արդեն ենթագիտակցորեն մեր մեջ ուզում են նստեցնել, որ մենք չենք կարող ունենալ հաղթանակ։ Ինչու՞ չենք կարող, կարող ենք, բայց ապագա հաղթանակները կլինեն աշխատանքային հաղթանակներ։ Բարեկեցությունն է այն հաղթանակը, որով մենք տարածաշրջանում մեր դերը ֆիքսելու ենք, մեր լավ ապրելն է, Սփյուռքի մեր հայրենակիցների վերադարձն է Հայաստան այն հաղթանակը, որը ապացուցելու է, որ մենք բոլորին այստեղ կարողացանք հաղթել ու այդ ճանապարհով պետք է բոլորս գնանք»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 9–ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *