«Միասնության թևեր» կուսակցությունն այսօր՝ մայիսի 9–ին, իր քարոզարշավն իրականացրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Նրանք շրջում են փողոցներում, զրուցում մարդկանց հետ, ներկայացնում իրենց մոտեցումներն ու ծրագրերը։
Մի կին, ով պատերազմում կորցրել է որդուն ու թոռանը, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե իրենց իշխանության գալու դեպքում էլ մեր երեխեքին չե՞ն կոտորի, ինչին Թաթոյանը պատասխանեց. «Իսկական խաղաղությունը մեր ընտրվելուց հետո է լինելու։ Մենք ձեզ պարտք ունենք տալու, ձեր տղաների սխրանքը երբեք չի մոռացվելու»։ Մեկ ուրիշն էլ հետաքրքրվեց, թե այդ խաղաղությունը ռուսների հե՞տ է լինելու, ինչին Թաթոյանն արձագանքեց. «Հայաստանի հետ, Հայաստանով։ Մեր ուժով ենք անելու։ Երբ մենք մեր հույսը դրեցինք ուրիշի վրա, միշտ այդ ուրիշը իր շահերի համար մեզ զոհաբերելու է։ Մենք ռուսներին էլ հարցեր ունենք, ինչո՞ւ չմիջամտեց Ջերմուկում, նաև Արցախում 2000 ռուս խաղաղապահներ կային։ Բայց այս իշխանության ձախողած քաղաքականության արդյունքում պատերազմները եղան։ Հիմա էլ իշխանությունը մաքուր ադրբեջանամետ քաղաքականություն է տանում։ Նիկոլ Փաշինյանը լրիվ Ադրբեջանի մարդն է»։
Թաթոյանը խոսեց նաև իրենց կուսակցության ծրագրերից. «Մեզ այսօր երեք բան է պետք՝ անվտանգություն, կրթություն, աշխատանք։ Մենք ունենք ծրագիր, որ մարդը աշխատանքից դուրս մնալու դեպքում ստանա անապահովության հատուկ վճար 6 ամսվա համար՝ միջին վաստակի չափով։ Ոչ թե մարդը պիտի պետությանը ծառայի, այդ պետությունը պետք է ծառայի մարդուն։
Մենք ունենք կարևոր քաղաքականություն, սկզբունք, որ պետք է լինի արդար հարկման համակարգ։ Սա նշանակում է, որ շատ գումար աշխատողը պետք է վճարի շատ, իսկ քիչ եկամուտ ունեցողը, քիչ գումար վաստակողը՝ քիչ»։
Զրուցելով տաքսու վարորդների հետ, Արման Թաթոյանը նշեց. «Մենք պետք է ունենանք խախտումների տեսակներ, որոնց դեպքում միավորներ չպիտի հանեն։ Սահմանված 13 բալերը պետք է բարձրացնենք դարձնենք 16 կամ 18։
Կառավարության ղեկավարը, որ գալիս էր իշխանության, ասում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չի։ Հիմա այնպես է արել, որ քաղաքացին դաժե մատերիալը չի։ Մենք պետք է անպայման դրա վերջը դնենք»։
Թաթոյանը խոսեց նաև թոշակառուների մասին. «Հայաստանում մարդը թոշակի անցավ, դրանից հետո ստացվում է, որ ինքը անօգուտ է, պետք չի ոչ մեկի։ Պետք է թոշակառուներն իրենց մասնագիտական փորձով օգտակար լինեն երիտասարդներին, իրենց փորձը փոխանցեն։ Եթե մարդու ուժը տեղն է, կարողություն ունի, ի՞նչ իրավունք ունի պետությունը ասի՝ դու գնա ձեր տունը նստի, ինքը պիտի ներգրավի աշխատանքների մեջ։ Դրա արդյունքում մեծի նկատմամբ հարգանք կառաջանա, մարդն իրեն բավարարված կզգա»։