Վրաստանի համար հեղինակային տեսանկյունից կարևոր է, որ Սաակաշվիլին վերադառնա Ուկրաինա կամ տեղափոխվի 3-րդ երկիր․ Պոդոլյակ

Վրաստանի՝ որպես ինքնիշխան պետության հեղինակության համար կարևոր է, որ Սահակաշվիլին լքի քրեակատարողական հիմնարկը, վերադառնա Ուկրաինա կամ տեղափոխվի երրորդ երկիր։ «Պիրվելի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ դա կարևոր է Ուկրաինայի համար, քանի որ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, հայտնում է «Грузия Online»-ը։

«Մենք չպետք է մոռանանք Ուկրաինայի այն քաղաքացու մասին, որը մինչ օրս գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Խոսքս պարոն Սահակաշվիլիի մասին է։ Մենք պետք է զգուշորեն դիտարկենք բոլոր թեմաները։ Տեղեկատվական դաշտում որոշակի լարվածություն կար, նկատի ունեմ մի շարք հայտարարություններ, այդ թվում՝ վրացական կողմից։ Ես հասկանում եմ դրա պատճառները, բայց ցանկալի է հնարավորություն գտնել երկխոսության համար, ընդ որում՝ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Մենք շահագրգռված ենք մեր գործընկերների հետ հարաբերությունների խորացմամբ, իսկ լոգիստիկ և թեմատիկ հարցերն արդեն լրացուցիչ քննարկման առարկա են: Ելնելով հումանիտար դրդապատճառներից և պատմական հեռանկարից՝ մենք ցանկանում ենք, որ Սահակաշվիլին վերադառնա Ուկրաինա, կամ գուցե գտնվի միջանկյալ լուծում՝ նրան տեղափոխել որևէ չեզոք երկիր, որտեղ նա կանցնի տևական բուժում: Դա մեզ համար կարևոր է, քանի որ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է: Նրա կալանավորումը ոչ թե Վրաստանի խնդիրն է, այլ Ռուսաստանի Դաշնության և անձամբ Պուտինի խնդիրը, որն աչքի է ընկնում իր ընդդիմախոսների հանդեպ մեծ ագրեսիայով և հնարավորություն է փնտրում նրանց կյանքում դժվարություններ ստեղծելու համար: Սահակաշվիլին բախվել է հենց այս խնդրին

Վրաստանի՝ որպես ինքնիշխան պետության հեղինակության համար կարևոր է, որ Սահակաշվիլին լքի քրեակատարողական հիմնարկը, վերադառնա Ուկրաինա կամ տեղափոխվի երրորդ երկիր. այդ դեպքում արդեն, զերծ մնալով այս խնդրից, Վրաստանը կշարունակի կառուցել իր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ Սահակաշվիլիին ազատ արձակելու քայլը կնպաստի ինչպես Ուկրաինայի, այլև եվրոպական այլ երկրների հետ հարաբերությունների ջերմացմանը», — ասել է Միխայիլ Պոդոլյակը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *