Ուժեղ արդյունաբերություն, թույլ գյուղատնտեսություն. ՀՀ տնտեսությունը` 2026թ․ առաջին եռամսյակում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026թ․ առաջին եռամսյակում տեղի ունեցող ներքին և արտաքին իրադարձությունների պայմաններում ՀՀ տնտեսությունն արձանագրել է հետևյալ արդյունքները․

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2026թ․ առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏748,001 մլն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ ֏96,360 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏95,640 մլն:

2026թ․ առաջին եռամսյակում  առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏1,442,794 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏981,729 մլն արդյունքները:

2026թ․ առաջին եռամսյակում ՀՀ-ում արտադրվել է 2,818 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:

Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի առաջին եռամսյակում կազմել է ֏307,574: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $1,760 մլն և $2,945մլն:

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2026թ․ առաջին եռամսյակին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2025թ․ առաջին եռամսյակում արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026թ․ առաջին եռամսյակում կազմել է 7․1%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է շուրջ 13%: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2025թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 5․2%։

2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն ժամանակաշրջանի համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 2․1%։ 2026թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 7․4%։

2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գնաճը կազմել է 4․2%։ Իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է  2․9%-ով։

Արտահանման և ներմուծման ծավալները 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են համապատասխանաբար 4․5%-ով և 4․6%-ով։ 

  • 2026թ․ առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ տնտեսությունը պահպանել է դրական աճի դինամիկա։ Աճի հիմնական շարժիչներն են եղել արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը։ Միևնույն ժամանակ, աճը ամբողջությամբ հավասարակշռված չէ։
  • Գյուղատնտեսության անկումը և առևտրաշրջանառության համեստ աճը ցույց են տալիս, որ տնտեսության որոշ հատվածներում ակտիվությունը դեռևս թույլ է։ Բացի այդ, գնաճի 4․2% մակարդակի պայմաններում անվանական աշխատավարձի 2․9% աճը նշանակում է, որ իրական աշխատավարձերի աճը կարող է լինել սահմանափակ կամ նույնիսկ բացասական, ինչը կարող է ազդել բնակչության գնողունակության վրա։
  • Արտահանման և ներմուծման գրեթե համաչափ աճը վկայում է արտաքին առևտրի ակտիվության պահպանման մասին, սակայն ներմուծման էականորեն բարձր ծավալը շարունակում է ընդգծել առևտրային հաշվեկշռի խոցելիությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *