Ռուսաստանը երբեք չի բաժանել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը իր և օտարի միջև և հարգում է մարտական դաշնակցությանը նվիրված հիշատակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Կրեմլում օտարերկրյա հյուրերի հանդիսավոր ընդունելության ժամանակ, հաղորդում է «Կոմերսանտը»։
«Խորհրդային Միության ժողովուրդները վճռորոշ ավանդ են ներդրել ֆաշիզմի ջախջախման գործում։ Ընդ որում, մենք երբեք չենք բաժանել այդ վիթխարի Հաղթանակը մեր և ուրիշների միջև։ Եվ հենց այդ պատճառով էլ հարգում ենք հակահիտլերյան կոալիցիայի բոլոր մարտիկների, դիմադրության մասնակիցների, պարտիզանների և ընդհատակյա գործիչների ավանդը»,— միջոցառման ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը»։
Պետության ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը միշտ վառ կպահի «մարտական դաշնակցության և զինակցական եղբայրության» հիշատակը։ Նրա խոսքով՝ արդարության հաղթանակի նկատմամբ հավատը, ժողովրդի ինքնիշխանության իրավունքը և հայրենասիրությունը մարդկանց առաջ են մղել փորձությունների միջով և այսօր էլ մնում են որպես բարոյական ուղենիշեր։ Որպես ժողովուրդներին միավորող արժեքներ՝ Պուտինը նշել է ընդհանուր պատմության հանդեպ անկեղծ վերաբերմունքը, հաղթանակի համար մարտնչածների հիշատակը և Հայրենական մեծ պատերազմի մասին ճշմարտությունը պահպանելու գործում անհրաժեշտ պատասխանատվությունը։
Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվել է Հաղթանակի շքերթը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին։ ՌԴ մայրաքաղաք են ժամանել Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Լաոսի նախագահ Թհոնգլուն Սիսուլիթը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Մալայզիայի գերագույն կառավարիչ սուլթան Իբրահիմը և Սերբական Հանրապետության «Անկախ սոցիալ-դեմոկրատների միություն» կուսակցության նախագահ Միլորադ Դոդիկը։ Նրանք նաև մասնակցել են Կրեմլում կայացած ընդունելությանը։