«Ասիական զարգացման բանկի 59-րդ համաժողովի շրջանակում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել բանկի ներկայացուցիչների՝ այդ թվում ԱԶԲ փոխնախագահ Յինգմին Յանգի հետ։ Քննարկել ենք մեր ընթացիկ պորտֆելը, ինչպես նաև նոր նախաձեռնությունները»։ Այս մասին Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում՝ ԱԶԲ–ի տարեկան համաժողովի շրջանակում NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը։
«Քննարկել ենք Հյուսիս–հարավ ծրագիրը, քանի որ, ինչպես տեղյակ եք, Ասիական զարգացման բանկն իրականացնում է ճանապարհի մի հատվածի կառուցումը։ Քննարկել ենք նաև մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերից՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ծրագիրը, ինչպես նաև առողջապահության որակի բարելավման և կրթական ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը։ Նոր նախաձեռնություններից կարող եմ նշել, որ քննարկել ենք M-6 ճանապարհի վերականգնման և Պուշկինի և Դիլիջանի թունելների վերականգնման ֆինանսավորման հնարավորությունը Ասիական զարգացման բանկի կողմից»,–նշել է Մկրտչյանը։
Հարցին, թե Ասիական զարգացման բանկի կողմից՝ համաժողովի շրջանակում հայտարարված նոր ծրագրերից որոնք են առնչվում նաև Հայաստանին, Մկրտչյանը պատասխանել է․
«ԱԶԲ–ի կողմից որպես առաջնահերթություն ներկայացված ծրագրերը բավականն հետաքրքիր են, և դրանք կարող են հնարավորություն տալ Հայաստանին, հաշվի առնելով առկա իրողությունները, վերածվել լոգիստիկ հաբի»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք քննարկումներ եղե՞լ են այն մասին, թե ինչ նշանակություն է ունենալու Հյուսիս–հարավ ճանապարհը տարածաշրջանի համար, Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ ծրագրի նպատակը Հայաստանը տարածաշրջանում լոգիստիկ հանգույցի վերածելն է և հենց այդ համատեքստում է ԱԶԲ–ն դիտարկում այդ ծրագիրը։
Հարցին՝ քննարկվե՞լ են Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, և այն, թե ինչ ազդեցություն է ունեցել պատերազմը տարածաշրջանի մյուս երկրների վրա, Մկրտչյանը պատասխնել է․
«Տարածաշրջանային կայունության և զարգացման հարցերը մշտապես մեր և ԱԶԲ–ի օրակարգում են։ Մենք ԱԶԲ-ի հետ մշտապես քննարկում ենք ճանապարհային անվտանգությանը և շուկաներին ավելի արդյունավետ հասանելիությանը վերաբերող հարցեր ու հնարավոր ճգնաժամներին արագ արձագանքման գործիքներ»։
Էդգար Մկրտչյանը նշել է, որ արդեն աշխատանքային հանդիպումներ ունեցել են ԱԶԲ–ի Հայաստանյան գրասենյակի նոր տնօրեն Լյազիզա Սաբիրովայի հետ․ նա մասնակցել է ՀՀ պորտֆելի առաջընթացի լայնածավալ նիստին, որտեղ մանրամասն քննարկվել են ծրագրերի իրականացման հաջողություններն ու խնդիրները։
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում մայիսի 3-6–ը տեղի էր ունենում Ասիական զարգացման բանկի 59-րդ տարեկան համաժողովը, որի շրջանակում Սամարկանդ են ժամանել ԱԶԲ–ի անդամ 69 երկների ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները, փորձագետներ, լրագրողներ։ Համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը։