Վերջին անգամ այս հրապարակում ելույթ եմ ունեցել 2021 թվականին՝ համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ։ Աշուն էր՝ հոկտեմբեր կամ նոյեմբեր։
Եվ դա այն փուլն էր, երբ սահմանին Զինված ուժերին փոխարինում էին սահմանապահները, և կարճ ժամանակով փակվել էր Ճակատենի ճանապարհը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքում Կապանում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Հավանաբար, հիշում եք, թե ինչ աղմուկ բարձրացրեց ընդդիմությունը։ Եվ այդ ընտրությունների ընթացքում նրանք խոսում էին Սյունիքը հանձնելու, միջանցք տրամադրելու մասին։
Ես այդ օրերին այս հրապարակում հայտարարել եմ, որ միջանցք չի լինելու։ Անցել է հինգ տարի։ Մեր կառավարությունը պահել է իր խոստումը։ Ոչ միայն միջանցք չկա, այլև կա խաղաղություն և կա TRIPP, որը կդառնա Սյունիքի զարգացման կարևոր հիմքերից մեկը։
Եվ քանի որ մենք խոսում էինք անվտանգության մասին, ես այն ժամանակ չգիտեի, որ դառնալու եմ պաշտպանության նախարար, ճակատագրի կամքով ես դարձա պաշտպանության նախարար։ Եվ այս ընթացքում մեր կառավարությունը հսկայական աշխատանք է կատարել Սյունիքի ամրապնդման, Հայաստանի Հանրապետության բանակի՝ Սյունիքում ամրապնդման ուղղությամբ։
Ինչպես նշեց իմ գործընկերը, ձեզանից շատերը տեսել են և գիտեն, մենք կառուցել ենք բազմաթիվ ամրացված շրջաններ։
Դրանցից 22-ը գտնվում են Սյունիքում՝ իրենց 33 տեղամասերով, ինչը կազմում է 40 մլրդ դրամ։
Բայց սա դեռ վերջը չէ, քանի որ շինարարությունը շարունակվում է, և սա այն մասին է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերաբերվում Հայաստանի ողնաշարին՝ Սյունիքին», – հայտարարել է Պապիկյանը։