Հրապարակվել են Հորմուզի նեղուցով անցնող ինտերնետային մալուխներից եկամուտ ստանալու համար Իրանի երեք գործնական քայլերը, հաղորդել է Tasnim գործակալությունը։
Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխներն օրական փոխանցում են ավելի քան 10 տրիլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական գործարքներ (ներառյալ SWIFT հաղորդագրությունները, բորսայական գործարքները և արժույթի փոխանակումները)։
Սակայն կենսական կարևորություն ունեցող այս ենթակառուցվածքը դուրս է մնացել նեղուցի նկատմամբ ավանդական մոտեցման շրջանակից (նավագնացություն և էներգետիկա), և Իրանը դրանից տնտեսական ու ինքնիշխան առավելություններ չի ստանում։
Զեկույցում, որը հղում է կատարում Հորմուզի նեղուցի հատակի և ջրային տարածության նկատմամբ Իրանի ինքնիշխան իրավունքներին (ՄԱԿ Ծովային իրավունքի մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն), առաջարկվում են երեք գործնական քայլեր․
առաջին՝ օտարերկրյա ընկերություններից նախնական թույլտվությունների և տարեկան երկարաձգումների համար վճարի գանձում;
երկրորդ՝ տեխնոլոգիական հսկաներին (Meta, Amazon, Microsoft) պարտավորեցնել գործել Իրանի օրենսդրությանը համապատասխան;
երրորդ՝ մալուխների նորոգման և սպասարկման բացառիկ իրավունքների փոխանցում իրանական ընկերություններին։
Հեղինակների կարծիքով՝ այս միջոցները կարող են Հորմուզի նեղուցը վերածել օրինական տնտեսական եկամուտ ստեղծող ռազմավարական կենտրոնի։