Դոնալդ Թրամփի կարողությունը հասել է 6,5 միլիարդ դոլարի․ Forbes

Forbes պարբերականի՝ 2026 թվականի մարտին հրապարակված գնահատականների համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը կազմում է 6,5 միլիարդ դոլար: Վերջին մեկ տարվա ընթացքում նրա կապիտալն աճել է մոտ 1,4 միլիարդ դոլարով, ինչը հիմնականում պայմանավորված է կրիպտոարժութային նախագծերով, լիցենզավորման բիզնեսի աճով և իրավական պարտավորությունների կրճատմամբ։

Թրամփի հարստության ամենախոշոր աղբյուրն են դարձել կրիպտոարժութային ակտիվներն ու կանխիկ միջոցները, որոնք Forbes-ը գնահատում է 2,1 միլիարդ դոլար: Այս գումարից մոտ 1,3 միլիարդ դոլարը բաժին է ընկնում լիկվիդային ակտիվներին, 393 միլիոն դոլարը՝ Trump մեմքոինին, 242 միլիոն դոլարը՝ USD1 ստեյբլքոինի բիզնեսին, իսկ 175 միլիոն դոլարը՝ World Liberty Financial նախագծի թոքեններին։ Թրամփի գոլֆ-ակումբներն ու հանգստավայրերը գնահատվում են 1,5 միլիարդ դոլար:

Այս կատեգորիայի ամենաթանկարժեք ակտիվներն են Մար-ա-Լագոյի 564 միլիոն դոլար արժողությամբ համալիրը, ինչպես նաև 549 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան գոլֆ-ակումբների ցանցը: Անշարժ գույքի ոլորտում ներդրումներն ապահովում են ևս 1,2 միլիարդ դոլար: Այս գումարի մեջ ներառված են այնպիսի օբյեկտների բաժնեմասերը, ինչպիսիք են Trump Tower-ը, Ուոլ սթրիթ 40-ը, ինչպես նաև Նյու Յորքի և Սան Ֆրանցիսկոյի գրասենյակային շենքերը: Trump Media & Technology Group ընկերությունում, որը Truth Social սոցիալական ցանցի մայր կազմակերպությունն է, Թրամփի մասնաբաժինը գնահատվում է 1,2 միլիարդ դոլար:

Միևնույն ժամանակ, վերջին մեկ տարվա ընթացքում այդ ակտիվի արժեքը նվազել է ավելի քան 1,3 միլիարդ դոլարով։ Լրացուցիչ ակտիվները, ներառյալ Trump բրենդի լիցենզավորման բիզնեսը, ինքնաթիռներն ու կենսաթոշակային խնայողությունները, գնահատվում են մոտ 551 միլիոն դոլար։ Միայն լիցենզավորման և կառավարման բիզնեսը բերել է մոտ 533 միլիոն դոլար, ինչը խթանվել է նոր միջազգային գործարքներով։

Forbes-ի գնահատմամբ՝ Թրամփի իրավական պարտավորություններն 97 միլիոն դոլարով նվազեցնում են նրա զուտ կարողությունը։ Forbes-ի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում նրա կարողության աճի գլխավոր շարժիչ ուժը դարձել են կրիպտոարժույթի նախագծերը, որոնք արդեն իսկ միլիարդավոր դոլարներ են բերել նրան և նրա ընտանիքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *