Վերջին մի քանի ամիսներին մեր շնչելը, բարևելը, ամեն ինչը կապում են նախընտրական գործընթացների հետ։ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Այսպես է նա պատասխանել NEWS.am-ի թղթակցի այն հարցին, որ մայիսի 28-ին նախատեսված զինտեխնիկայի շքերթի հետ կապված տեղեկություններ կան, թե իշխանություններն այդ միջոցառումը կազմակերպում են պարզապես նախընտրական քարոզարշավի շրջանակում։
«Բայց եթե ամենը մեր կատարած աշխատանքի մասին է, ու եթե դա օգնում է նախընտրական ինչ-որ պրոցեսի, մենք պե՞տք է հրաժարվենք մեր արած գործից։ Իհարկե՛ չենք հրաժարվի»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ առաջիկա ռազմական տեխնիկայի շքերթը կլինի հանրության առաջ կատարած աշխատանքի հաշվետվություն։
«Ցույց ենք տալու բոլոր այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որը երբեք ցույց չենք տվել, գնել ենք, բայց ցույց չենք տվել», – նշել է Պապիկյանը։
«Նշում եմ՝ բոլոր այն զենքերը, որոնք նախկինում ցույց չենք տվել, վարչապետ Փաշինյանի կառավարման ընթացքում ձեռք բերված այն միջոցները, որոնք առիթ չենք ունեցել հասարակությանը ցույց տալու համար։ Բայց հիմնականում զգալի ծավալը վերաբերում է 2022-2025 թվականներին», – հայտնել է նա։
ՀՀ պաշտպանության նախարարը հերքել է նաև այն տեղեկությունները, թե այդ նպատակով Հայաստանի իշխանությունները դիմել են ռուսական 102-րդ ռազմաբազային։
«Չկա նման տեղեկություն։ Դա սուտ է։ Մենք ցույց ենք տալիս միայն մեր միջոցները, իսկ դա հաշվետվություն է մեր հասարակությանը»,- ասել է Սուրեն Պապիկյանը։