Փաշինյանը ճյուղին նստած կտրում է այդ ճյուղը․ Քոչարյան

Նույնիսկ ամենասարսափելի երազում հնարավոր չէր պատկերացնել, որ երկրի առաջնորդի շահերը չեն համընկնում հենց երկրի շահերի հետ, այլ, ընդհակառակը, հակադրվում են դրանց։ Պարզվում է՝ դա հնարավոր է։ Գավառի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը

«Ես եղել եմ երկու պետությունների առաջին դեմքը՝ ճանաչված և չճանաչված։ Առաջնորդը ձգտում է միավորել ժողովրդին, ամրապնդել բանակը, կարգավորել ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները, մտածում է, թե ինչ ռեսուրսներ կարող է ներդնել սեփական երկրի ամրապնդման համար։ Այս իշխանությունները ճիշտ հակառակն արեցին՝ բաժանեցին սևերի ու սպիտակների, սկսեցին հարձակումներ իրականացնել հայտնի զինվորականների վրա, նախաձեռնեցին բանակում «բարեփոխումներ», որոնք հանգեցրին մարտունակության կտրուկ անկման, վիճեցին Սփյուռքի հետ», – թվարկել է Քոչարյանը՝ հավելելով, որ այդ ամենը հանգեցրել է ողբերգական հետևանքների։

Քաղաքական գործչի խոսքով՝ ժողովուրդը պետք է սեղմի արտակարգ իրավիճակների կոճակև, հակառակ դեպքում անթիվ խնդիրներ կլինեն։

Քոչարյանը նկատել է, որ կրկին իշխանության ձգտող ուժերի հաշվարկը հիմնված է այն մտքի վրա, թե ժողովրդի հիշողությունը կարճ է. գնաց Շուշի (Փաշինյանը), սեր խոստովանեց, իսկ մեկ տարի անց պարզվեց, որ Շուշին «դժգույն և դժբախտ» է։ «Այդպես կարող է վարվել միայն բարոյազուրկ մարդը՝ մի ղեկավար, որն իր բոլոր քայլերով թուլացնում է երկիրը և դա անում է միայն մեկ նպատակով, որպեսզի պահի իր աթոռը։ Իսկ դա, նրա ընկալմամբ, կախված է իր նկատմամբ Ալիևի վերաբերմունքից։ Հնարավոր է՝ կան նաև այլ պատճառներ, որոնց մասին մենք չգիտենք»,- նշել է Քոչարյանը։

Քաղաքական գործիչը կրթության ոլորտում իշխանությունների վարած քաղաքականությունը որակել է որպես ուղղակի դիվերսիա՝ նշելով. «Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է ունենանք ուժեղ ու մարտունակ բանակ, հզոր առաջնորդ և վստահելի դաշնակիցներ»։ Անդրադառնալով գործազրկության թեմային՝ նա հիշեցրել է, որ իր պաշտոնավարման սկզբում գործազրկության մակարդակը կազմում էր շուրջ 20 տոկոս, իսկ պաշտոնը թողնելու պահին այն իջել էր մինչև 7 տոկոսի։ Նրա փաստմամբ՝ ներկայումս այդ ցուցանիշն առնվազն 13 տոկոս է։

Քոչարյանը համոզված է, որ Հայաստանը պետք է տնտեսությունը կառուցի արտադրության և արդյունաբերության հիմքի վրա, այլ ոչ թե դառնա սպասարկման երկիր։ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով նա հիշեցրել է, որ իր նախագահության բոլոր տարիներին լարվածության որևէ նշույլ չի եղել, իսկ Հայաստանը գազը գնել է 50 դոլարով, ինչը 3-4 անգամ ավելի էժան է եղել, քան Եվրոպայում։ «Վարչապետը ճյուղի վրա նստած կտրում է այդ ճյուղը… բայց ընկնելու ոչ թե ինքը, այլ ժողովուրդը։ Ինքը կփախչի. նա փախչելու վարպետ է։ Իսկ ժողովուրդը ճյուղից ցած կընկնի»,- զգուշացրել է Քոչարյանը։

Վարորդների բալային համակարգի վերաբերյալ հարցին քաղաքական գործիչը միանշանակ բացասական պատասխան է տվել՝ հայտարարելով, որ համակարգը պետք է փոխել։ Ըստ նրա՝ երկրում տուգանքների համակարգն այսօր ծառայում է երկու նպատակի՝ վախեցնել քաղաքացիներին և պարգևավճարներ ապահովել ղեկավարության համար։ Քոչարյանը նաև մտահոգություն է հայտնել ուռճացված վարկային-բանկային բուրգերի կապակցությամբ՝ մտավախություն հայտնելով, որ դրանք կարող են փլուզվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *