Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցի մոտ Մի-8 ուղղաթիռը քամու հարվածով մանկասայլակ է նետել ջուրը, հաղորդում է 78.ru:
Մանկասայլակը բռնել փորձող կինը քիչ էր մնում ինքն էլ հայտնվեր Կրոնվերկյան նեղուցում։
Ականատեսների խոսքով՝ օդանավը նախորդ երեկոյան «տպավորիչ» կերպով հայտնվել է արևի տակ հանգստացող պետերբուրգցիների առջև։
Նախնական տվյալներով՝ ուժգին օդային հոսքից վնասվել է նաև մոտակայքում գտնվող կեչին։
Խորտակված մանկասայլակը (որի մեջ, բարեբախտաբար, երեխա չի եղել) փորձել է դուրս բերել կողքով անցնող մոտորանավակի կապիտանը, սակայն նավը ծանծաղուտի մեջ է խրվել:
Ինչպես պարզել է լրատվամիջոցը, 1974 թվականի արտադրության ուղղաթիռը պատկանում է «Բալթյան ավիաուղիներ» ավիաընկերությանը և օգտագործվում է զբոսաշրջային թռիչքների համար:
Պետրոպավլովյան ամրոցի հարևանությամբ է գտնվում նաև այդ ուղղաթիռի թռիչքուղին: