Իրանը 47 տարի շարունակ խաղում էր Միացյալ Նահանգների և ողջ աշխարհի հետ ու վերջապես հասավ իր ուզածին, երբ նախագահ դարձավ Բարաք Հուսեյն Օբաման։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Օբաման «նրանց հետ պարզապես լավ չէր վարվում» (այլ շատ ավելին է արել)։
«Նա չափազանց բարյացակամ էր նրանց հանդեպ, փաստացի անցավ նրանց կողմը, երես թեքեց Իսրայելից ու մեր մյուս բոլոր դաշնակիցներից և Իրանին զարգացման հզոր նոր հնարավորություն տվեց։
Նա 1,7 միլիարդ դոլար կանխիկ գումար ուղարկեց Թեհրան, և նրանց մատուցեց դա հենց սկուտեղի վրա։ Վաշինգտոնի, Վիրջինիայի և Մերիլենդի բոլոր բանկերը դատարկվել էին. փողն այնքան շատ էր, որ երբ այն տեղ հասավ, իրանցի ավազակները նույնիսկ չգիտեին՝ ինչ անել դրա հետ։ Նրանք երբեք նման փողեր չէին տեսել և այլևս երբեք չեն տեսնի։
Այդ փողերն ինքնաթիռներից թափում էին ճամպրուկներով ու պայուսակներով, և իրանցիները չէին հավատում իրենց աչքերին։ Նրանք վերջապես գտան բոլոր ժամանակների մեծագույն «հիմարին»՝ ի դեմս թույլ և անուղեղ ամերիկյան նախագահի։ Նա աղետալի առաջնորդ էր մեր երկրի համար, բայց նույնիսկ նա այնքան վատը չէր, որքան Քնկոտ Ջո Բայդենը։
47 տարի շարունակ իրանցիները «մեր քթից բռնած ման էին տալիս», ստիպում էին մեզ սպասել, ինքնաշեն ռումբերով սպանում էին մեր մարդկանց, ճնշում էին բողոքի ցույցերն ու վերջերս սպանեցին 42 000 անմեղ ու անզեն ցուցարարների՝ ծիծաղելով մեր՝ այժմ նորից հզոր երկրի վրա։ Բայց նրանք այլևս չեն ծիծաղելու»,- եզրափակել է Թրամփը։