ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի արձագանքը պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկներին «բացարձակապես անընդունելի» է համարել։ Իրանի կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թեհրանի առաջարկը, որն ուղարկվել է Պակիստանի միջոցով, ներառում է պատերազմի անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման դադարեցում և Իրանի վրա հետագա հարձակումներից խուսափելու երաշխիքներ։
Փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված պատերազմը դադարեցնելու բանակցությունները հեշտացնելու նպատակով կնքված հրադադարը մեծ մասամբ պահպանվել է։
Այս շաբաթվա սկզբին Թրամփը կրկնել էր, որ Իրանում պատերազմը «արագ կավարտվի»։ Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները պետք է «հանվեն», նախքան Իրանի դեմ պատերազմը ավարտված համարելը։ «Դեռ կան հարստացման կայաններ, որոնք պետք է ապամոնտաժվեն», – ասել է Նեթանյահուն CBS-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում։
Կիրակի օրը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ասել էր․ «Մենք երբեք գլուխ չենք խոնարհի թշնամու առջև, և եթե երկխոսության կամ բանակցությունների մասին խոսակցություններ լինեն, դա չի նշանակում հանձնվել կամ նահանջ»։ Թրամփը Truth Social-ում գրել է. «Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված «ներկայացուցիչների» պատասխանը։ Ինձ դա դուր չի գալիս՝ բացարձակապես ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է»։
Axios լրատվական կայքը հաղորդել է, որ մեկ էջանոց, 14 կետանոց ԱՄՆ հուշագիրը ներառում է այնպիսի դրույթներ, ինչպիսիք են Իրանի միջուկային հարստացման կասեցումը, պատժամիջոցների վերացումը և Հորմուզի նեղուցով ազատ տարանցման վերականգնումը։
Իրանը շարունակում է փակել Հորմուզի նեղուցը՝ հանգեցնելով նավթի համաշխարհային գների աճի։
ԱՄՆ-ն, իր հերթին, շրջափակում է Իրանի նավահանգիստները՝ Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի նա համաձայնի իր պայմաններին, ինչը զայրացրել է Իրանին։
Իսրայելական և ամերիկյան ուժերը փետրվարի 28-ին Իրանի վրա զանգվածային օդային հարվածներ են իրականացրել։ Իրանի հետ պատերազմում հրադադարը ուժի մեջ է մտել ապրիլին։
Մայիսի 6-ին Թրամփը Truth Social-ում գրառման մեջ գրել էր, որ եթե Իրանը չհամաձայնի գործարքի, «ռմբակոծությունները կսկսվեն, և, ցավոք, դրանք կլինեն շատ ավելի բարձր մակարդակով և ինտենսիվությամբ, քան նախկինում էին»։