Փորձում են խոչընդոտել առաջնորդարանում իմ ծառայությանը․ Մասյացոտնի թեմի շուրջ իրավիճակի ու կատարվող անօրինությունների վերաբերյալ այսօր հրավիրած ասուլիսում ասաց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«20-ամյա իմ ծառայությունից հետո պատարագ մատուցել թույլ չտալը խոչընդոտ է, երիտասարդների, հոգևորականների հետ հանդիպումներ թույլ չտալը խոչընդոտ է իմ ծառայությանը»,- ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Վարդապետի խոսքով՝ այն, ինչ կատարվեց վերջին շրջանում Մասյացոտնի, Արագածոտնի թեմերում, մի կողմից հարված է Հայ առաքելական եկեղեցու սահմանադրական հիմքերին, մյուս կողմից նվիրապետությունը քայքայելու նպատակով է արվում։
«Իմ խորին համոզմամբ՝ հակապետական քայլեր կատարում են նրանք, ովքեր հակասահմանադրական, հակաօրինական քայլեր են ձեռնարկում։ Անօրինականությունն է թուլացնում պետությունը»,- ընդգծեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահը։
Նա նշեց, որ թեմի 23 քահանաներից 20-ը չեն տրվում վախին, համոզելու, շեղելու՝ տիրադավների գործընթացներին։ Եվ երբ 20 քահանաները չեն տրվում այդ սադրանքներին, այլ կերպ է սկսվում նրանց դեմ արշավը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ պաշտոնանկ է արվել ու կարգալույծ հռչակվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ աշխարհիկ անունով Արման Սարոյանը։