Անցած սեպտեմբերին Թաիլանդի Գերագույն դատարանի կողմից մեկ տարվա ազատազրկման դատապարտված երկրի նախկին վարչապետ Թաքսին Չինավատը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից, փոխանցում է Associated Press-ը։
«Չինավատը երկուշաբթի օրը ազատ է արձակվել Բանգկոկի բանտից՝ պատժի ութ ամիսը կրելուց հետո», – հայտնում է գործակալությունը։
Բանտի դարպասների մոտ Չինավատին դիմավորել են ընտանիքի անդամները։ Նա ողջունել է աջակիցների բազմությանը, սակայն լրագրողների հետ չի խոսել։
Պայմանական վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) շրջանակներում նախկին վարչապետը չորս ամիս՝ ընդհուպ մինչև սեպտեմբեր, պետք է բնակվի Բանգկոկում նշված հասցեով, կրի էլեկտրոնային թևնոց և պարբերաբար հաշվետու լինի պրոբացիայի ծառայության աշխատակիցներին։
Չինավատը Թաիլանդի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2001-2006 թվականներին։ Նա տապալվել է ռազմական հեղաշրջման արդյունքում։ Այդուհանդերձ, համարվում է, որ նա կարողացել է որոշակի քաղաքական ազդեցություն պահպանել։
Ավելի քան 15 տարի Չինավատը գտնվել է երկրի սահմաններից դուրս և 2023 թվականին վերադարձել է Թաիլանդ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իշխանության է եկել «Փհյու Թայ» կուսակցությունը։ Վերադառնալուց հետո նրան դատապարտել են ութ տարվա ազատազրկման մի շարք մեղադրանքներով, մասնավորապես՝ իշխանության չարաշահման համար, սակայն Թաիլանդի թագավոր Ռամա X-ը ժամկետը կրճատել է մինչև մեկ տարվա ազատազրկում։ Այդ ժամանակ Չինավատը բանտում անցկացրել է մեկ օրից էլ քիչ ժամանակ. առողջական վիճակի պատճառով նրան տեղափոխել են հիվանդանոց։ Հետագայում նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Այնուհետև՝ 2025 թվականի սեպտեմբերին, Գերագույն դատարանը կառավարության նախկին ղեկավարին դատապարտեց ևս մեկ տարվա ազատազրկման։ Պատճառն այն էր, որ նա 120 օր ապօրինի կերպով մնացել էր Կենտրոնական ոստիկանական հոսպիտալում՝ խուսափելով 2023 թվականի դատավճռով սահմանված բանտային կալանքից։ Դատարանը վերահաստատել է նաև նրա նախկին մեղադրանքը, այդ թվում՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը։