ԱԺ-ն քննարկել է Ծովինար Վարդանյանի հեղինակած նախագիծը


Քաղաքականություն


Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ներկայացնելով ոլորտում առկա իրավիճակը՝ Ծովինար Վարդանյանը նշել է, որ գործող օրենքը սահմանում է բաժնետոմսերի պարտադիր հետգնման պահանջի իրավունքը միայն սահմանափակ դեպքերում՝ վերակազմակերպում, խոշոր գործարքներ կամ կանոնադրական իրավունքների սահմանափակում: Ըստ հիմնական զեկուցողի՝ գործնականում, փոքր բաժնետերերը հաճախ հայտնվում են «փակուղային» իրավիճակներում, երբ մեծամասնական բաժնետերը, օգտվելով միանձնյա որոշումներ կայացնելու իրենց իրավունքից և հնարավորությունից, հաճախ դրանք իրականացնում են չարաշահումներով:

Նախագծի ընդունումը բխում է փոքր ներդրողների համար իրական «ելքի» մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունից՝ կանխելով մեծամասնության կողմից իրավունքների չարաշահումը: Առաջարկվող նախագծով նախատեսվում է ընդլայնել հետգնման հիմքերը, վերացնել գույքային սահմանափակումը չարաշահման դեպքում, ինչպես նաև սահմանել բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքը որոշող անձին ներկայացվող չափանիշներ:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդրումային գրավչության բարձրացում, իսկ փոքր ներդրողների համար կստեղծվի կանխատեսելի ու պաշտպանված միջավայր:

Հարակից զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը կարևորել է նախագծի ընդունումը՝ ընդգծելով, որ այն միտված է բաժնետիրական ընկերություններում փոքրամասնություն կազմող բաժնետերերի շահերի պաշտպանությանը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *