ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ ՌԴ հասցեին արած հայտարարություններին ու դրանց վերաբերյալ ՌԴ արձագանքին․
«Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման վայրը կապ չունի, դա ինչքան իմ միջոցառումն է, այնքան մեր մյուս գործընկերների միջոցառումն է։ Դա բազմակողմ հարթակ է, որտեղ մարդիկ արտահայտվում են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- «Ես չեմ կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ ամեն ինչին պարտադիր արձագանքեմ։ Դա բազմակողմ հարթակ է, և բազմակողմ հարթակում մարդիկ արտահայտվում են։ Եղել է նաև, որ իմ ներկայությամբ ՌԴ նախագահը հայտարարություններ է արել տարբեր երկրների վերաբերյալ, և չեմ հիշում, որ ՌԴ-ն ինձնից ակնկալեր, որ արձագանքեի դրանց»։
Ըստ վարչապետի, ՀՀ-ն չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել. «Մենք փոքր երկիր ենք՝ մեր օրակարգով, մեր օրակարգերի շրջանակն ունենք, և միշտ չէ, որ համարում ենք՝ գլոբալ հարցերի շուրջ առաջ ընկել ու հայտարարություններ անելը ճիշտ է։ Այսինքն, մե՞նք պետք է ՌԴ և Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք մեր համեստ դերկատարումն ունենք, որ նպաստենք համաշխարհային կայունությանն ու խաղաղությանը, բայց՝ մեր մասով»։