Կարծում եմ՝ տեղին չէ արձագանքել Երևանում հնչեցված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին։ Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է երկրում այժմ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։
Նա հավելել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը բազմակողմ ձևաչափ է, և դրա անցկացման վայրը նշանակություն չունի։
«Այդ միջոցառումն ինչքան իմ միջոցառումն է, այնքան էլ մյուս մեր գործընկերների միջոցառումն է։ Ես չեմ կարծում` հյուրընկալ երկրի ղեկավարի կարգավիճակում պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչին արձագանքեմ։ Դա բազմակողմ հարթակ է, և մարդիկ այդ հարթակում պետք է արտահայտվեն», – նշել է Փաշինյանը։
Նա տեղեկացրել է, որ եղել են դեպքեր, երբ Ռուսաստանի նախագահն իր ներկայությամբ հայտարարություններ է արել տարբեր երկրների ղեկավարների մասին։ «Բայց ես չեմ հիշում, որ նրանք ակնկալեին, որ ես արձագանքեի այդ հայտարարություններին»։
«Մենք եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր ենք, ԵԱՏՄ անդամ երկիր ենք, բայց դա չի նշանակում, որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել, և, կներեք, մենք փոքր երկիր ենք՝ մեր փոքր օրակարգով։ Մե՞նք պիտի Ռուսաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները կարգավորենք։ Մենք կատարում ենք մեր համեստ դերը՝ նպաստելով ամբողջ աշխարհի համաշխարհային կայունությանը», – եզրափակել է նա։