
Վրաց Ուղղափառ եկեղեցու գլխավոր տաճարում՝ Սամեբայում, մեկնարկել է ընդլայնված կազմով եկեղեցական ժողովը, որը ընտրելու է Վրաց եկեղեցու նոր հովվապետին՝ կաթողիկոս-պատրիարքին։ Ժողովը սկսվել է հանգուցյալ Իլյա 2-րդ պատրիարքի համար կատարված հոգեհանգստյան արարողությամբ։ Եկեղեցական ժողովին մասնակցում է 1200 պատվիրակ։ Նախատեսված է, որ ժողովի ժամանակ ելույթներով հանդես են գալու պատրիարքական Աթոռի հիմնական թեկնածուները։ Ելույթներ կունենան նաեւ եկեղեցական-տարածքային միավորների՝ թեմերի ներկայացուցիչները։ Գիտնականներից մեկը կներկայացնի պատմական անդրադարձ՝ Վրաց եկեղեցու հովվապետի տիտղոսի մասին։
Ներկայումս, հիշեցնենք, որ երեք թեկնածուներ կան՝ Սենաքսի եւ Չխորոցկոյի միտրոպոլիտ Շիո Մուջիրին, Մրովելիի եւ Ուրբնիսիի միտրոպոլիտ Հոբ Ակիաշվիլին եւ Փոթիի ու Հոբիի միտրոպոլիտ Գրիգոլի Բերբիչաշվիլին։ Քվեարկությանը կմասնակցեն միայն բարձրաստիճան եկեղեցականները։ Ընտրված կհամարվի այն թեկնածուն, ով կհավաքի մասնակից բարձրաստիճան եկեղեցականների ընդհանուր քվեների 50 տոկոսից ավելին։ Հիշեցնենք, որ ընտրյալը կդառնա Վրաց եկեղեցու 142-րդ կաթողիկոս-պատրիարքը։
Վրաց Ուղղափառ եկեղեցու ընդլայնված կազմով եկեղեցաժողովի կողմից ընտրվել է Վրաց Ուղղափառ եկեղեցու 142-րդ՝ նոր հովվապետը՝ կաթողիկոս-պատրիարքը։ Նա միտրոպոլիտ Շիո Մուջիրին է։ Միտրոպոլիտ Շիոն ստացել է 22 ձայն։ Մյուս թեկնածուներից միտրոպոլիտ Հոբը ստացել է 9 ձայն, միտրոպոլիտ Գրիգոլը՝ 7 ձայն։