Պատերազմի և պետական կառավարման ընթացքում թույլ տրված սխալները պետք է գնահատվեն բացառապես օրենքի շրջանակում, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն։ Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը խոսել է Չարենցավանում հանդիպման ժամանակ՝ ընդգծելով, որ բոլոր հարցերը պետք է քննվեն արդար և իրավական ընթացակարգերով։
«Պատերազմի ժամանակ ովքեր են սխալ կառավարել, ովքեր են պատասխանատու եղել՝ պետք է պարզվի։ Ես մի բան ասեմ՝ կյանքում ամեն ինչ կարելի է ներել, բացի դավաճանությունից։ Դավաճանությունը ներում չունի», — նշել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ մնացած բոլոր դեպքերում պետք է գործի օրենքը և արդարությունը։
«Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ ըստ օրենքի, ըստ կարգի, ոչ թե ծանոթ-բարեկամով։ Ով մեղավոր է, պետք է պատժվի», — ասել է նա։
Նա ընդգծել է, որ այս սկզբունքը պետք է լինի պետության հիմնական հիմքը։
«Այսօր հիմնական սկզբունքը դա է՝ արդարություն։ Ոչ թե ծանոթներով, այլ արդարացի։ Ով մեղավոր է, պետք է պատասխան տա։ Դավաճանները ներում չունեն, իսկ մնացածը պետք է գնահատվեն օրենքի առաջ», — հայտարարել է ԲՀԿ առաջնորդը։
Ծառուկյանը նաև հավելել է, որ թեման պետք է պարտադիր քննարկվի և չմնա անորոշության մեջ։
«Ցանկացած հարց պետք է լուծում ունենա։ Ես այսօր դատարկ խոսակցություններ չեմ ուզում, ուզում եմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար լինեն», — ընդգծել է նա։