Կարծում եմ՝ այդ համեմատությունը տեղին չէ (Ռուսաստանից հնչող Հայաստանի և Ուկրաինայի միջև համեմատությունը՝ բացասական ենթատեքստով, խմբ․)։ Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ներկայումս երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորական թեկնածուների համամասնական ցուցակը։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում թե՛ Ռուսաստանին, թե՛ Ուկրաինային, թե՛ Վրաստանին, թե՛ Մոլդովային։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ այդ երկրների անունները որպես բացասական չափանիշ օգտագործել Հայաստանի հետ համեմատության մեջ։ Եվ Ուկրաինան, և Վրաստանը, և Մոլդովան՝ հրաշալի երկրներ են, Հայաստանի բարեկամ երկրներ են։ Ինչպե՞ս կարող եմ մասնակցել մի զրույցում, որտեղ, օրինակ, Վրաստանի անունը կօգտագործվի բացասական իմաստով», – ընդգծել է Փաշինյանը։