Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և 27 տարին լրացած անձինք, եթե հարկադիր տեղահանման պատճառով կորցրել են կամ չեն ստացել զինվորական ծառայությունը անցնելու մասին փաստաթղթերը, այլևս խնդիրների չեն բախվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալիս։ Այդ մասին մայիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Բանն այն է, որ ավելի վաղ Ազգային ժողովը ընդունել էր փոփոխություններ, որոնց համաձայն 27 տարին լրացած և զինվորական ծառայություն չանցած անձինք կարող էին վերադառնալ Հայաստան, վճարել օրենքով սահմանված գումարը, ամբողջությամբ կամ մասամբ անցնել ծառայությունը և արդյունքում ազատվել քրեական պատասխանատվությունից։
Փոխնախարարը նշել է, որ գործող կարգավորումը որոշակի դժվարություններ է ստեղծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Դա, մասնավորապես, խոչընդոտում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալուն։ «Շատ դեպքերում հարկադիր տեղահանության ընթացքում ծառայությունն անցնելու մասին հավաստող փաստաթղթերը կորել են։ Հաշվի առնելով նոր փոփոխությունները՝ 2024 թվականին ընդունված նորմերը չեն տարածվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վրա», – ասել է Սարգսյանը։
2024 թվականի հունվարի 16-ին ընդունված փոփոխությունների համաձայն՝ օրենսդրական փաթեթը արձակուրդների տրամադրման նոր կանոններ է սահմանում 27-ից 37 տարեկան այն զինծառայողների համար, որոնք անցնում են կրճատված պարտադիր զինվորական ծառայություն։ Մասնավորապես, մեկ տարվա կամ վեց ամսվա ժամկետով ծառայություն անցնողների համար նախատեսված է 10-օրյա արձակուրդ, մինչդեռ մեկամսյա ծառայության դեպքում արձակուրդ չի տրամադրվի։
Բացի այդ, նոր կարգավորումը կտարածվի նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում տրամադրվող պայմանագրային ծառայության վրա։
«Եթե պայմանագրային զինծառայողը մեկ տարվա ընթացքում ստանա կարգապահական հինգ տույժ, ապա նրա պայմանագիրը կլուծարվի», – պարզաբանել է ՊՆ փոխնախարարը։