Իրանի դեմ պատերազմը Մերձավոր Արևելքի վերաձևման Իսրայելի երկարաժամկետ ծրագրի մասն է․ Կատարի նախկին վարչապետ

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը ոչ թե հանկարծակի էսկալացիայի արդյունք է, այլ Մերձավոր Արևելքն ուժային ճանապարհով վերափոխելու Իսրայելի երկարաժամկետ ռազմավարության գագաթնակետը։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Համադ բին Ջասիմ Ալ Թանին։

Նա նշել է, որ Հորմուզի նեղուցում տիրող ճգնաժամը վերջին պատերազմի ամենավտանգավոր հետևանքն է։ Նա զգուշացրել է «Մեծ Իսրայել» ստեղծելու վերաբերյալ Բենիամին Նեթանյահուի հավակնությունների մասին և կոչ արել անհապաղ ստեղծել Պարսից ծոցի երկրների միասնական պաշտպանական դաշինք։

«Մենք տարածաշրջանի լայնածավալ վերաձևավորման ականատեսն ենք»,— ասել է շեյխ Համադը՝ հավելելով, որ ընթացիկ աշխարհաքաղաքական ցնցումները տասնամյակներ շարունակ կանխորոշելու են Մերձավոր Արևելքի դեմքը։

Նեթանյահուի «պատրանքը» և ԱՄՆ-ի սխալը

Շեյխ Համադը հիշեցրել է, որ դեռ անցյալ տարի էր զգուշացնում հնարավոր հակամարտության մասին և կոչ է արել Պարսից ծոցի երկրներին՝ Իրանի հետ դիվանագիտական լուծումներ փնտրել՝ ռազմական հարվածները կանխելու համար։

Նա հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի գաղափարն առաջ է մղել Իսրայելի «արմատական թևը»՝ Նեթանյահուի գլխավորությամբ, ով, ըստ շեյխի, դեռ 1990-ականներից՝ Բիլ Քլինթոնի վարչակազմի ժամանակներից, փորձում էր ԱՄՆ-ին ներքաշել Իրանի միջուկային ծրագրի դեմ պատերազմի մեջ։

Ըստ նրա՝ չնայած ԱՄՆ նախորդ վարչակազմերը, ներառյալ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանը, խուսափում էին Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմից։ Նեթանյահուն ի վերջո հասել է իր ուզածին՝ Վաշինգտոնին վաճառելով մի «պատրանք»։

«Նա համոզել է ամերիկյան վարչակազմին, որ պատերազմը լինելու է կարճ ու արագ, իսկ իրանական վարչակարգը կտապալվի շաբաթների ընթացքում»,— ասել է նա՝ իրավիճակը համեմատելով Վենեսուելայում իշխանափոխություն իրականացնելու ԱՄՆ անհաջող փորձերի հետ։

Կատարի նախկին վարչապետը քննադատել է ռազմական ուժի կիրառման հանդեպ ԱՄՆ-ի հակվածությունը. «Ամերիկայի իրական ուժը միշտ էլ եղել է ուժի կիրառումից խուսափելու կարողության, այլ ոչ թե դրա գործադրման մեջ»։

Նա նաև հայտարարել է, որ ընթացիկ պատերազմն իրականում բոլոր կողմերին վերադարձրել է բանակցությունների սեղանի շուրջ՝ հավելելով, որ տարեսկզբին Ժնևում կայացած բանակցությունների ևս երկու շաբաթը կարող էր կանխել այս աղետը։

Նրա կարծիքով՝ Նեթանյահուն դարձել է այս հակամարտության գլխավոր շահառուն։ Նա օգտագործում է քաոսը՝ պարտադրված տարածաշրջանային դաշինքների գաղափարը և «Մեծ Իսրայելի» հայեցակարգն առաջ մղելու համար։ Վերջինս իսրայելական աջակողմյան ուժերի մի մասի նախագիծն է, որը նպատակ ունի հարևան արաբական երկրների հաշվին ընդլայնել պետության սահմանները։

Հորմուզի նեղուցը որպես նոր գլոբալ ճգնաժամի օջախ

Գնահատելով Թեհրանի ռազմավարությունը՝ շեյխ Համադը նշել է, որ Իրանը դիմակայեցլ է պատերազմի առաջին հարվածներին, իսկ հետո սկսել է ձգձգել կարգավորման գործընթացը՝ գիտակցելով, որ կարող է օգտագործել նոր ռազմավարական լծակը՝ Հորմուզի նեղուցը։

Նա պատերազմի «ամենավտանգավոր հետևանքը» համարել է այն, որ նեղուցը կարող է վերածվել ճնշման գործիքի և փաստել է, որ Իրանն այդ առանցքային միջազգային ծովային ուղին փաստացի դիտարկում է որպես սեփական ինքնիշխան տարածք։

Ըստ նրա՝ սա համաշխարհային տնտեսության համար ավելի անմիջական և լուրջ սպառնալիք է ներկայացնում, քան իրանական միջուկային ծրագիրը։

Շեյխն ընդգծել է, որ ճգնաժամի հիմնական բեռը կրում են Պարսից ծոցի երկրները, այլ ոչ թե Վաշինգտոնը, և խստորեն դատապարտել է տարածաշրջանի էներգետիկ, արդյունաբերական ու քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ Իրանի հասցրած հարվածները, որոնք արդարացվում էին որպես «հարձակում ԱՄՆ շահերի դեմ»։ Արդյունքում, ըստ նրա, Իրանը կորցրել է տարածաշրջանում իր քաղաքական կապիտալի զգալի մասը և հանրային դժգոհության մեծ ալիք է բարձրարցրել տնտեսական ու անվտանգային հետևանքների պատճառով։

Սակայն նա ընդգծել է, որ աշխարհագրությունը անխուսափելի է դարձնում համակեցությունը, և կոչ է արել Պարսից ծոցի երկրների և Իրանի միջև կոլեկտիվ ու բաց երկխոսություն ստեղծել։

«Պարսից ծոցի ՆԱՏՕ»-ի ստեղծման կոչ

Իր ամենախիստ քննադատություններից մեկում շեյխ Համադը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրների համար գլխավոր սպառնալիքը ոչ թե Իրանն է, Իսրայելը կամ օտարերկրյա ռազմաբազաները, այլ տարածաշրջանի պետությունների միջև առկա ներքին պառակտումը:

Դրան հակազդելու համար նա առաջարկել է ստեղծել «Պարսից ծոցի ՆԱՏՕ»՝ քաղաքական և պաշտպանական համատեղ նախագիծ, որը պետք է սկսվի տարածաշրջանի առավել մերձավոր երկրների կորիզից, հավելելով, որ դրա կորիզը պետք է դառնա Սաուդյան Արաբիան:

Նա սա համեմատել է Եվրոպական միության պատմության հետ, որը նույնպես սկսվել է փոքրաթիվ երկրներից, իսկ հետո ընդլայնվել:

Մեկնաբանելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը՝ նա խոստովանել է, որ ամերիկյան բազաները երկար ժամանակ առանցքային դեր են խաղացել սպառնալիքների զսպման հարցում: Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ռազմավարական շրջադարձը դեպի Ասիա և Չինաստան նշանակում է, որ Ծոցի երկրներն այլևս չեն կարող լիովին ապավինել ամերիկյան «անվտանգության հովանոցին»:

Նա կոչ է արել երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն զարգացնել այնպիսի տարածաշրջանային խաղացողների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Պակիստանը և Եգիպտոսը:

Գազա, նորմալացում և 1990-ականների գաղտնիքը

Խոսելով Պաղեստինի մասին՝ շեյխ Համադը դատապարտել է երկու կողմերի խաղաղ բնակիչների սպանությունները, սակայն նշել է, որ Գազայում Իսրայելի գործողությունները «բարոյական և քաղաքական աղետ» են։

Նա զգուշացրել է Գազայի հատվածը ապաբնակեցնելու Իսրայելի հնարավոր ծրագրի մասին՝ հայտարարելով, որ տեղեկություններ կան պաղեստինցիներին անկլավից հեռանալու դիմաց գումար առաջարկելու վերաբերյալ, ինչը փաստացիորեն Գազան վերածում է «անշարժ գույքի նախագծի»։

Շեյխը մերժել է ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը քննարկելու հնարավորությունը, հավելելով, որ դա անհնար է առանց անկախ Պաղեստինյան պետության ստեղծման քաղաքական հեռանկարի։ Նա նաև դրվատանքով է խոսել Սաուդյան Արաբիայի դիրքորոշման մասին, որը հրաժարվում է կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները (առանց նմանատիպ «ճանապարհային քարտեզի» առկայության)։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *