Նավթի համաշխարհային շուկաները շաբաթական կորցնում են մոտ 100 միլիոն բարել Հորմուզի նեղուցի փակման ֆոնին, ինչը սրում է մատակարարումների դեֆիցիտը՝ փաստացի վերածվելով պատմության մեջ էներգետիկ ամենամեծ խափանմանը, հայտարարել է Saudi Aramco ընկերության ղեկավար Ամին Նասերը:
Ըստ նրա՝ այդ դեֆիցիտը մասնակիորեն փոխհատուցվում է նավթի համաշխարհային պաշարների օգտագործման հաշվին, սակայն գլոբալ պահուստները միաժամանակ սրընթաց նվազում են։
Նասերը նշել է հետևյալ առանցքային կետերը: Ըստ նրա՝ ընկերություններն ու կառավարություններն ակտիվորեն օգտագործում են նավթի ռազմավարական և առևտրային պահեստարանները. համաշխարհային պաշարները գտնվում են վտանգավոր ցածր մակարդակի վրա: Ազատ արտադրական հզորությունների մեծ մասը կենտրոնացված է Պարսից ծոցի տարածաշրջանում, ինչը սահմանափակում է դեֆիցիտը փոխհատուցելու հնարավորությունները:
Իրավիճակը մեծացնում է էներգակիրների գների կտրուկ աճի ռիսկը, ինչը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսական աճը:
Նա հայտարարել է նաև, որ Մերձավոր Արևելքում արդեն երրորդ ամիսը շարունակվող հակամարտությունը դարձել է համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման խաթարման ամենամեծ գործոնը: ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթացի բացակայության պայմաններում նավթի գները երկուշաբթի գերազանցել են 100 դոլարը՝ մեկ բարելի դիմաց:
Նասերն ընդգծել է, որ ընթացիկ իրավիճակը «քողարկվում է» պաշարների օգտագործման հաշվին, ինչի պատճառով շուկայի իրական լարվածությունը միշտ չէ, որ արտացոլվում է ֆյուչերսների գներում: Նա մատնանշել է նաև «թղթային շուկայի» գների և նավթի ֆիզիկական մատակարարումների արժեքի միջև առկա անհամապատասխանությունը:
Saudi Aramco-ի ղեկավարը շեշտել է, որ Մերձավոր Արևելքից դուրս արդյունահանման ոլորտում ոչ բավարար ներդրումները համաշխարհային էներգահամակարգը խոցելի են դարձրել նմանատիպ ցնցումների նկատմամբ:
Նրա կանխատեսմամբ՝ դեֆիցիտն էլ ավելի նկատելի կդառնա մայիսին և հունիսին, իսկ եթե ճգնաժամը շարունակվի, շուկայի հավասարակշռումը կարող է ձգձգվել մինչև հաջորդ տարի: