Թուրքիան օրենք է մշակում Էգեյան և Միջերկրական ծովերի ծովային սահմանների մասին՝ գազի հանքավայրերի շուրջ վեճերի ֆոնին

Թուրքիան պատրաստվում է խորհրդարան ներկայացնել օրինագիծ, որը կամրագրի նրա ծովային իրավասությունը Էգեյան և Միջերկրական ծովերի վիճելի շրջաններում,  հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այդ քայլը կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում, որտեղ արդեն իսկ առկա են և շարունակվում են բնական գազի հանքավայրերի շուրջ վեճերը։

Ըստ աղբյուրների՝ օրենքի նախագիծը Անկարայի առաջին քայլն է՝ պաշտոնապես ամրագրելու իր հավակնությունները և իրավունքներ հայտարարելու բնական գազի պոտենցիալ պաշարների նկատմամբ։

Թուրքիան մտադիր է պաշտպանել իր շահերը, ինչպես նաև ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» շահերը Արևելյան Միջերկրականում ընթացող «գազային մրցավազքի» շրջանակում՝ մի տարածաշրջանում, որտեղ տարածքային հավակնությունները հատվում են:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձրաստիճան դաշնակիցը զգուշացրել էր Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի միջև անվտանգության և էներգետիկ համագործակցության ոլորտում առկա ռիսկերի մասին։

«Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին խորհրդարանում հայտարարել է.

«Թուրքիան լարվածություն փնտրող երկիր չէ։ Սակայն ցանկացած գործողություն, որն անտեսում է նրա իրավունքները, ծովային իրավասության գոտիները կամ թուրք-կիպրացիների իրավունքները, կարժանանա վճռական պատասխանի»։

Հունաստանը պնդում է, որ կղզիները կարող են ձևավորել մայրցամաքային շելֆի սահմանները՝ ըստ միջազգային իրավունքի։ Թուրքիան մերժում է այդ մոտեցումը՝ պնդելով, որ շելֆը պետք է հաշվարկվի բացառապես մայրցամաքային մասից։

Ակնկալվում է, որ օրենքն առաջին անգամ պաշտոնական ձևով կամրագրի թուրքական դիրքորոշումը, սակայն փաստաթղթի քննարկման ժամկետները դեռևս անհայտ են։

Թուրքիայի պոտենցիալ հավակնությունները կարող են կրկին սրել հարաբերությունները ԵՄ անդամների՝ Հունաստանի և Կիպրոսի հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *