ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներն ավելի ու ավելի են մտահոգվում Ուկրաինային զինելու Թրամփի վարչակազմի առանցքային ծրագրի ճակատագրով։ Ինչպես գրում է Washington Post-ը՝ հղում անելով դիվանագետներին, պաշտոնյաներին և կոնգրեսականների օգնականներին, Իրանում ընթացող պատերազմը սպառում է ամերիկյան զինանոցները, իսկ մի շարք երկրներ կասկածի տակ են դնում Պենտագոնի կողմից միջոցների նպատակային օգտագործումը։
Առանցքային խնդիր են դարձել ամերիկյան զենքի վաճառքի տևական հապաղումները՝ պայմանավորված Իրանի հակամարտությամբ, որտեղ ԱՄՆ զինված ուժերը, Իսրայելի հետ համատեղ ռազմական արշավի ընթացքում, սրընթաց կերպով սպառում են բարձր ճշգրտության սպառազինության պաշարները։
Ըստ պաշտոնյաների՝ Իրանի վրա հարձակման մեկնարկից ի վեր Թրամփի վարչակազմը չի վերահասցեագրել Ուկրաինային խոստացված տեխնիկան։ Սակայն Եվրոպայում աճում է մտավախությունը, որ ԱՄՆ-ում զենքի դեֆիցիտը, որն արդեն իսկ անդրադառնում է հենց եվրոպացիների պատվերների վրա, կարող է հանգեցնել ուաշցումների նաև Կիևի համար։
Եվրոպական երկրները, որոնք Ուկրաինայի գլխավոր հովանավորներն են, Կիևի համար ամերիկյան զենք են գնում PURL (*Prioritized Ukraine Requirements List- Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ) կոչվող նախաձեռնության շրջանակում, որը համաձայնեցվել էր անցյալ ամառ ՆԱՏՕ-ի միջնորդությամբ։ Գործարքի նպատակն էր ապահովել սպառազինությունների այնպիսի հոսք, որը կարող է տրամադրել միայն Պենտագոնը, օրինակ՝ ուկրաինական քաղաքները ռուսական հարվածներից պաշտպանող ՀՕՊ համակարգերի հակահրթիռներ։
Բացի դրանից, դա քաղաքական հաղթանակ էր նախագահ Դոնալդ Թրամփի համար, որը խոստացել էր ամերիկյան հարկատուների գումարները չծախսել Ուկրաինայի վրա։ Սակայն վերջին ամիսներին որոշ եվրոպական մայրաքաղաքներ սկսել են թերահավատորեն վերաբերվել ծրագրին, իսկ մի շարք երկրներ նույնիսկ վարանում են նոր միջոցներ հատկացնելու հարցում։
«Եվրոպացիները տատանվում են, քանի որ անվստահությունն աճում է, և չկա համոզմունք, թե ինչ կլինի գումարներն՝ Իրանում պատերազմի ձգձգմանը զուգընթաց», — հայտարարել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը: «Մուծումները [PURL-ին] կատարվել են, բայց դրանք այնքան էլ շատ չեն»։
Վերջին մեկ տարվա ընթացքում Թրամփի վարչակազմը միաժամանակ ճնշում է գործադրել եվրոպական մայրաքաղաքների վրա՝ նրանց կոչ անելով ամերիկյան զենք գնել սեփական պաշտպանության համար՝ ՆԱՏՕ-ի երկրների կողմից ռազմական ծախսերի արագացված աճի պայմաններում։ Սակայն, բախվելով Պենտագոնի պահեստների դատարկմանը, դաշնակիցները՝ Եվրոպայից մինչև Արևելյան Ասիա, այժմ արդեն վճարված տեխնիկայի ստացմանը սպասում են տարիներով։
Զենքի մատակարարումների վերաբերյալ մտավախություններն աճում են Վաշինգտոնի և նրա եվրոպական հնամենի դաշնակիցների միջև խորացող պառակտմանը զուգահեռ։ Թրամփը խստորեն քննադատել է ԵՄ առաջնորդներին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմին աջակցելու հարցում ցուցաբերած դժկամության համար, որը ցնցում է Մերձավոր Արևելքը և ծանրաբեռնում համաշխարհային տնտեսությունը։ Այս ամիս, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այն խոսքերից հետո, թե Թեհրանը «նվաստացնում է» Վաշինգտոնին, Պենտագոնը հայտարարեց Գերմանիայից 5000 զինծառայողի դուրսբերման մասին։
Թրամփն ակնարկել է, որ հնարավոր են ներկայության հետագա կրճատումներ նաև Իսպանիայում և Իտալիայում։
Չնայած նրան, որ Պենտագոնը դիտարկում էր պատվերները դեպի Մերձավոր Արևելք վերահասցեագրելու հնարավորությունը, ապրիլին Պենտագոնի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստիացրել է Կիևի աջակցության խմբի մասնակիցներին, որ PURL-ի միջոցով Ուկրաինային մատակարարումները «կշարունակվեն ըստ նախատեսվածի»։
Ի պատասխան պաշտոնական հարցումների՝ ՆԱՏՕ-ում չեն մեկնաբանել PURL-ի հիմնադրամների վերաբերյալ մտավախությունները։ Դաշինքի ներկայացուցիչը միայն հայտնել է, որ երկրները նախաձեռնությանը հատկացրել են ավելի քան 5,5 միլիարդ դոլար։ Ըստ նրա՝ դաշնակիցները «շարունակում են ներդրումներ կատարել PURL-ում»՝ հիշատակելով Նորվեգիայի և Կանադայի վերջին հանձնառությունները, և հավելել է, որ դաշնակիցների վճարած ԱՄՆ-ի կրիտիկական նշանակության զենքը շարունակում է հասնել Ուկրաինա և «իրական արդյունքներ է բերում մարտի դաշտում»։
Անվստահությունը PURL-ի շուրջ ուժեղացավ այն բանից հետո, երբ մասնակից երկրները հարց բարձրացրեցին, թե կոնկրետ ինչպես է Պենտագոնն օգտագործում միջոցների մի մասը։ Մարտին The Washington Post-ը հայտնել էր, որ Պենտագոնը ծանուցել է Կոնգրեսին PURL-ի միջոցներից 750 միլիոն դոլարն ուղղելու ԱՄՆ-ի սեփական պաշարների համալրմանը։ Ըստ պաշտոնյաների՝ այդ գումարը կգնա այն տեխնիկայի փոխհատուցմանը, որը փոխանցվել էր Ուկրաինային դեռևս Բայդենի վարչակազմի օրոք, այլ ոչ թե լրացուցիչ օգնություն ուղարկելուն։
Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի պաշտոնյաները հարց են բարձրացրել՝ արդյոք նման մոտեցումը չի խախտում եվրոպացիների սպասելիքները, որոնք կարծում էին, թե իրենց բոլոր գումարները ուղղակիորեն հասնելու են Կիևին։
«Այդ ծրագիրը պետք է աշխատի «մեկը մեկին» սկզբունքով. ներդրված յուրաքանչյուր դոլարը նոր պոտենցիալ է, որն ուղարկվում է Եվրոպա»,- նշել է սենատորի օգնականը։
Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, չի հերքել, որ վարչակազմը ֆինանսավորման մի մասն օգտագործել է սեփական պաշարները համալրելու համար։ Սակայն նա Ուկրաինային աջակցելու հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ երկխոսությունը ներկայացրել է որպես «հրավեր Եվրոպային՝ զարգացնելու սեփական արդյունաբերական ներուժը»։
Մի շարք պաշտոնյաներ, ներառյալ համաձայնագրի քննադատները, խոստովանել են, որ PURL-ն օգնել է Ուկրաինային ապահովել արժեքավոր ամերիկյան զենքով։ Մի քանի եվրոպացի դիվանագետներ նույնպես հասկացնել են տվել, որ իրենց երկրները շարունակում են աջակցել նախաձեռնությանը (դրանց թվում են Գերմանիան, Նիդերլանդները և Էստոնիան)։ Մյուսները, մասնավորապես՝ Ֆրանսիան և Իտալիան, գերադասել են տրամադրել ուղղակի օգնություն և եվրոպական զենք՝ շրջանցելով PURL-ը։
Ըստ Պենտագոնի ներկայացուցչի՝ ծրագրի միջոցով գնման համար հասանելի սպառազինությունների ցանկը համակարգվում է Ուկրաինայի, ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության և Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, որոնք գնահատում են հենց Միացյալ Նահանգների մարտունակության համար առկա ռիսկերը։ Ցանկի մեջ ներառված է ինչպես ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրի հոսքագծերից դուրս եկող արտադրանքը, այնպես էլ պահեստներում եղած տեխնիկան։
Ընդսմին, PURL-ի միջոցով մատակարարվող սարքավորումները չեն համապատասխանում Կիևի ամենաբարձր տեխնոլոգիական պահանջներին։ Ուկրաինան գրեթե ամբողջությամբ սպառել է Patriot ՀՕՊ համակարգի համար նախատեսված PAC-3 հակահրթիռների պաշարները։ Ավելի վաղ այս տարի Թրամփի վարչակազմը համոզում էր եվրոպական երկրներին Ուկրաինա ուղարկել Patriot-ների իրենց սեփական պաշարները, սակայն ոմանք հրաժարվեցին՝ մտահոգվելով սեփական պաշտպանության համար։
ՆԱՏՕ-ում պնդում են, որ հենց PURL-ի միջոցով է մատակարարվել ուկրաինական Patriot մարտկոցների հրթիռների մեծ մասը և զինամթերք այլ ՀՕՊ համակարգերի համար։
Միևնույն ժամանակ, Պենտագոնը բախվել է երկու կուսակցությունների օրենսդիրների ճնշմանը։ Նրանք պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթից պահանջել են բացատրել, թե ինչու վարչակազմը չի ծախսել այս տարի Կոնգրեսի հատկացրած 400 միլիոն դոլարը՝ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման առանձին ծրագրի համար։
Ապրիլի վերջին սենատոր Ջին Շահինի հարցերին պատասխանելիս Հեգսեթը չի խոստացել գումարն օգտագործել այնպես, ինչպես նախատեսել էր Կոնգրեսը։ «Ի վերջո, ցանկացած զենքի համար, որը մենք տրամադրում ենք, վճարում է Եվրոպան»,- եզրափակել է Հեգսեթը։