Իսպանիայի, Իռլանդիայի և Սլովենիայի հանրային հեռարձակողները երկուշաբթի հայտարարել են, որ չեն հեռարձակի այս շաբաթ անցկացվելիք «Եվրատեսիլ» 70-րդ հոբելյանական մրցույթը՝ բոյկոտելով հեռուստաշոուն Իսրայելի մասնակցության պատճառով, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Այս երեք երկրները, Նիդերլանդների և Իսլանդիայի հետ միասին, ավելի վաղ հետ էին կանչել իրենց մասնակցության հայտերը Վիեննայում անցկացվելիք մրցույթից, որը մեկնարկում է երեքշաբթի և կավարտվի շաբաթ օրը՝ մեծ եզրափակիչով։
Հինգ երկրների՝ աշխարհի խոշորագույն երաժշտական միջոցառումից դուրս գալու պատճառը Գազայի հատվածում Իսրայելի վարած պատերազմն է։ «Եվրատեսիլի» գործադիր տնօրեն Մարտին Գրինը խոստացել է «անել հնարավոր ամեն ինչ նրանց վերադարձի ճանապարհը գտնելու համար»։
Ավելի վաղ կասկածներ էին առաջացել հանդիսատեսի քվեարկության համակարգում մանիպուլյացիաների վերաբերյալ, որոնց նպատակն էր արհեստականորեն բարձրացնել Իսրայելի վարկանիշը Բազելում (Շվեյցարիա) անցկացված «Եվրատեսիլ-2025»-ում։ Որոշ հեռարձակողներ նաև մտահոգություն են հայտնել մամուլի ազատության վերաբերյալ, քանի որ Իսրայելը խոչընդոտում է լրագրողների մուտքը Գազա։
«Եվրատեսիլ» կոչվող այս կրկեսի փոխարեն ազգային հեռուստաալիքով կցուցադրվի «Պաղեստինի ձայները» թեմատիկ հաղորդաշարը»,- հայտարարել են սլովենական RTV հեռուստառադիոընկերությունից։
Հինգշաբթի անցկացվելիք երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ իռլանդական RTE հեռարձակողը կցուցադրի «Աշխարհի վերջը Բինզի հետ» (The End of the World with Beanz) հաղորդումը, որտեղ «Եվրատեսիլ-1993»-ի հաղթող Նիվ Կավանան իրեն փորձում է հյուսիսային եղջերվաբույծի դերում Նորվեգիայում։
Իսպանական RTVE կորպորացիան եթեր կհեռարձակի սեփական երաժշտական հատուկ շոուն՝ «Երաժշտության տունը» (The House of Music)։ Նիդերլանդների և Իսլանդիայի հանրային հեռարձակողները մտադիր են հեռարձակել մրցույթը, չնայած այն հանգամանքին, որ իրենց ներկայացուցիչները չեն մասնակցում դրան։
Հինգ երկրների դուրս գալուց հետո այս տարի «Եվրատեսիլին» կմասնակցի ընդամենը 35 պետություն. դա նվազագույն քանակն է 2004 թվականից ի վեր, երբ ընդլայնվեց մասնակիցների կազմը։
Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) դժկամությունը՝ հեռացնել Իսրայելին մրցույթից (ինչպես դա արվեց Ռուսաստանի պարագայում 2022 թվականին), «վախկոտության ակտ է և ակնհայտ երկակի ստանդարտների արտահայտում»։
«Չի կարելի թույլ տալ, որ երգերն ու փայլերը խլացնեն Իսրայելի վայրագությունների կամ պաղեստինցիների տառապանքների մասին լուրերը», – իր ուղերձում նշել է Amnesty-ի գլխավոր քարտուղար Անյես Կալամարը։
Սեպտեմբերին ՄԱԿ-ի աջակցությամբ անցկացված հետաքննությունը հաստատել էր, որ «Գազայում տեղի է ունենում ցեղասպանություն»։