ԱՄՆ-ը երբեք չի կարողանա դիվանագիտական հաղթանակ տանել Իրանի նկատմամբ, երբ պարտություն կրեց մարտի դաշտում։ Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
X սոցիալական ցանցի իր էջում Վելայաթին գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորապես սխալվում է՝ կարծելով, թե կարող է Իրանին հարկադրել մի գործարքի, որը կավարտի ապրիլի սկզբին հրադադարի հաստատմամբ կասեցված «ագրեսիայի ակտը»։
«Մենք ձեզ հաղթել ենք մարտի դաշտում. Չերևակայեք անգամ, թե հաղթող դուրս կգաք դիվանագիտության մեջ»,- հայտարարել է Վելայաթին։
Վելայաթին հղում է արել Թրամփի վերջերս կատարած գրառմանը, որտեղ ԱՄՆ նախագահը պնդում էր, թե Իրանը տասնամյակներ շարունակ թերագնահատել և ծաղրել է Ամերիկային։ Թրամփը կրկնել էր իր սպառնալիքները՝ հավելելով. «Նրանք այլևս չեն ծիծաղի»։
«Թրամփն ասում է, թե «Իրանն այլևս չի ծիծաղի»՝ միաժամանակ պարծենալով «փառահեղ հրադադարով»։ Միևնույն ժամանակ նա Իրանին սպառնում է միջուկային ակնարկներով, կարծես դեռ հավատում է Պենտագոնի ստահոդ զեկույցներին, որոնք թաքցնում են ամերիկացի զինվորների շրջանում կրած ծանր կորուստները»,- նշել է Վելայաթին։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Թրամփի սպասվող այցին Չինաստան, որտեղ ԱՄՆ նախագահը, ինչպես սպասվում է, կրկին կհայտարարի Իրանի նկատմամբ իր «հաղթանակի» մասին։ Վելայաթին ընդգծել է, որ Թրամփը չպետք է Իրանի ներկայիս հանդարտությունն ու զսպվածությունը թուլություն ընկալի։
Ըստ նրա՝ ամերիկա-իսրայելական ագրեսիային Իրանի պատասխանը, որը ներառում էր հարձակումներ տարածաշրջանի տարբեր թիրախների վրա և Պարսից ծոցում նավագնացության նոր կանոնների հաստատումը, հիմնովին փոխել է աշխարհաքաղաքական կարգը։
«Պարոն Թրամփ, մի կարծեք, թե կարող եք օգտագործել Իրանի այսօրվա անդորրը՝ Պեկին հաղթական մուտք գործելու համար։ Նախ և առաջ սովորեք «Արևմտյան Ասիայի նոր աշխարհաքաղաքական կարգի այբուբենը»,- եզրափակել է Վելայաթին։