Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը Եվրոպական միությանը կոչ է արել ստեղծել սեփական մշտական բանակը՝ Միացյալ Նահանգներից պաշտպանական կախվածությունը նվազեցնելու համար։
Ալբարեսն ընդգծել է, որ եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն նրան, որ այնպիսի պետություններ, ինչպիսին Ռուսաստանն է, կարող են «փորձության ենթարկել» մայրցամաքին օգնության հասնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը։ Այդ հայտարարությունը հնչել է ՆԱՏՕ-ի դաշինքի հասցեին Դոնալդ Թրամփի բազմամսյա հարձակումներից հետո։
Իրավիճակը սրվել է այս ամսվա սկզբին, երբ ԱՄՆ նախագահը Գերմանիայից դուրս բերեց 5000 զինծառայողի։ Դա տեղի ունեցավ, երբ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ իրանցիները պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում «նվաստացնում են ԱՄՆ-ին»։
Իսպանիան հանդես է գալիս Մերձավոր Արևելքում Թրամփի գործողությունների ամենախիստ քննադատը՝ այս պատերազմն անվանելով «անհեթեթ, դաժան և անօրինական»։
«Մենք չենք կարող ամեն առավոտ արթնանալ՝ գուշակելով, թե ԱՄՆ-ն ինչ կձեռնարկի հաջորդ անգամ,- հայտարարել է Ալբարեսը Politico-ին տված հարցազրույցում Բրյուսելում Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ։- Մեր քաղաքացիներն ավելիին են արժանի»։
Նախարարը պնդել է, որ անկախ եվրոպական պաշտպանությունը չի խարխլի ՆԱՏՕ-ի հիմքերը։ «ՆԱՏՕ-ի հմայքն այն էր, որ դու դաշինքի մեջ ես, և ոչինչ տեղի չի ունենում, որովհետև ոչ ոք չի համարձակվում ստուգել՝ արդյոք 5-րդ հոդվածն իրականում աշխատում է»,- պարզաբանել է Ալբարեսը։
«Մենք պետք է վերստեղծենք հենց դա՝ զսպման գործոնը։ Որպեսզի ցանկացած պոտենցիալ ագրեսոր հասկանա. եթե ուզում ես գործ ունենալ մեզ հետ, գնա այլ տեղ։ Որովհետև մենք կանգնած կլինենք թիկունք թիկունքի»,- հավելել է արտգործնախարարը։
Չնայած կոշտ դիրքորոշմանը, Ալբարեսն ընդգծել է համագործակցության կարևորությունը, սակայն զգուշության կոչ է արել՝ հաշվի առնելով առանցքային գործընկերոջ առաջնահերթությունների փոփոխությունը։
«Մենք անկեղծորեն հավատում ենք տրանսատլանտյան կապերին։ Ինձ համար ԱՄՆ-ը եվրոպացիների պատմական բնական դաշնակիցն է։ Մեզ պետք է, որ և՛ Եվրոպան, և՛ Ամերիկան լինեն նույն նավակի մեջ։ Սակայն միաժամանակ պետք է ընդունենք, որ Թրամփի վարչակազմն ունի նոր տեսլական և նոր գաղափարներ մեր հարաբերությունների վերաբերյալ»,- եզրափակել է նա։