Դոնալդ Թրամփը Չինաստան կժամանի ծայրաստիճան բորբոքված վիճակում, քանի որ Իրանում նրա ռազմական նպատակներից և ոչ մեկը չի իրականացել։ Նախագահ Սին անկասկած կօգտվի դրանից՝ ի շահ իրեն, գրում է Independent-ի միջազգային հարցերով խմբագիր Սեմ Քայլին։
Թրամփը ակնկալում է «մեծ ու ջերմ ընդունելություն» Չինաստանից այս շաբաթ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ՝ որպես երախտագիտություն Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար։ Սակայն նա դա չի ստանա, քանի որ նրան չհաջողվեց վերջնականապես դադարեցնել դեպի Պեկին նավթի մատակարարումների արգելափակումը։ Չինաստանի համար սա լավ նորություն է, քանի որ Թրամփն անտարբեր է սեփական ձախողումների նկատմամբ։
Սակայն սա վատ նորություն է Թայվանի համար, վատ նորություն՝ Արևմուտքի, ԱՄՆ դաշնակիցների և ընդհանրապես ժողովրդավարությունների համար։
Նվաստացում Օվալաձև աշխատասենյակում
ԱՄՆ նախագահը Չինաստանի հետ գագաթնաժողովին կներկայանա կատաղած այն մտքից, որ Իրանի դեմ պատերազմում չի հասել իր բազմաթիվ ու բազմազան նպատակներից և ոչ մեկին։ Նա կժամանի նվաստացած՝ Թեհրանի ավելի թույլ, բայց համառ վարչակարգի կողմից, որը կարողացավ գոյատևել։
Արդյունքը, ամենայն հավանականությամբ, կլինի աշխարհաքաղաքական տեկտոնական սալերի հանկարծակի շեղումը հօգուտ Չինաստանի, ընդ որում՝ Պեկինը գրեթե ոչինչ չի ձեռնարկել դրա համար։ Իրավիճակը հասկանալու բանալին Թրամփի հոգեբանության մեջ է։ Սնափառ և վիրավորվող Թրամփը Իսրայելի հետ միասին ներքաշվեց Իրանի դեմ պատերազմի մեջ, որն ուներ ակնհայտ վտանգավոր հետևանքներ, և այժմ ստիպված է ելք փնտրել՝ առանց թույլ երևալու։
Նա սպառնում էր «ամրագրել ձախողումը» ցեղասպանական սպառնալիքով՝ երկրի երեսից ջնջելու մի ամբողջ քաղաքակրթություն։ Սակայն երբ նա հայտնվի Սիի հետ նույն սենյակում, Թրամփին ամենից շատ պետք կլինի անդամակցություն «ակումբին»։ Նրան անհրաժեշտ է իրեն հավասար զգալ աշխարհի ամենահզոր և անսահմանափակ ավտորիտար առաջնորդների շրջանում, և նա կանի գրեթե ամեն ինչ նրանց հավանությանն արժանանալու համար։
«Թրամփը նայում է այն մարդկանց, որոնք, անկեղծ ասած, տնօրինում են ամեն ինչին, որոնք ունեն այդ ամբողջ «փայլը»… Եվ դա այն է, ինչ նա ուզում է լինել։ Նա հավատում է, որ բարձրանում է շրջապատի աչքերում՝ պարզապես լինելով նրանց ընկերակցության մեջ»,- պատմել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ֆիոնա Հիլը:
«Խոսքը Թրամփի՝ բոլոր նշանակալի մարդկանց կողմից ճանաչված լինելու ցանկության մասին է։ Իսկ դա մարդկանց շատ նեղ շրջանակ է… Եվ նա այդ ճանաչումը ստանում է միայն այնպիսի մարդկանցից, ինչպիսիք են նախագահ Սին, նախագահ Պուտինը, թագավորական ընտանիքները… Նրա համար դա գլխավոր արժույթն է»,- պարզաբանել է նա։
Չինական գամբիտ
Չինաստանի նախագահը, ամենայն հավանականությամբ, Թրամփին թույլ կտա իրեն զգալ «աշխարհի հզորների ակումբի» մի մասը, սակայն քիչ հավանական է, որ Թրամփը կարողանա որևէ օգուտ քաղել դրանից Ամերիկայի համար։
Փաստերը խոսուն են.
Սին օգնել է զինել Իրանին:
Չինաստանը Ռուսաստանի համար ռազմական տեխնոլոգիաների կարևորագույն մատակարարն է ուկրաինական պատերազմում։
Չինաստանը վերահսկում է չափազանց կարևոր հանքանյութերի մեծ մասը և Աֆրիկայում դրանց արդյունահանման հարցում տասնամյակներով առաջ է անցել Արևմուտքից։
Թվում էր, թե ԱՄՆ հարձակումներին Իրանի աղետալի արձագանքը՝ նեղուցի փակումը և Պարսից ծոցի գնդակոծությունները, պետք է թույլ տային Թրամփին ճնշում գործադրել Չինաստանի վրա, որպեսզի վերջինս կրճատի աջակցությունը Թեհրանին և Մոսկվային։ «Սին այն մարդն է, որին նավթ է պետք։ Մեզ դա պետք չէ»,- հայտարարել էր Թրամփն այս ամսվա սկզբին՝ խոստովանելով, որ Չինաստանին խնդրել է դադարեցնել զենքի մատակարարումն Իրանին։
Սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անցյալ շաբաթ՝ հենց Թրամփի այցի շեմին, այցելեց Պեկին։ Չինաստանն ընդունեց ընդգծված հավասարակշռված դիրքորոշում՝ կոչ անելով և՛ ԱՄՆ-ին (որը շրջափակում է Իրանին), և՛ Թեհրանին (որը փակել է նեղուցը) վերսկսելու նավթի հոսքը։
Պատերազմից դուրս գալու գինը
Թրամփի համար պատերազմից դուրս գալու միակ տարբերակը՝ առանց դեմքը վերջնականապես կորցնելու, Իրանին համոզելն է, որ իր միջուկային նյութերն ուղարկի Չինաստան՝ «պատասխանատու պահպանության»։ Դա կդիտվեր որպես Թեհրանի միջուկային հավակնությունների ավարտ։
Այս «խաղալիքը» հենց այն է, ինչ Չինաստանը կարող է առաջարկել ամերիկյան նախագահին, որը տենչում է նույն հարթության վրա լինել Սիի և Պուտինի հետ։ Այս մարդիկ գիտեն, թե ինչպես խաղալ Թրամփի թույլ կողմերի վրա՝ հանուն սեփական իշխանության։
Գործարքի պայմանները կարող են դաժան լինել. Իրանի հետ միջնորդության դիմաց Պեկինը, հավանաբար, կպահանջի դադարեցնել Թայվանին տրամադրվող 11 միլիարդ դոլարի ռազմական օգնության ծրագիրը։ Չինաստանը նաև ցանկանում է ստանալ գործողությունների ազատություն Հարավչինական ծովում։
Ազդեցության գոտիների աշխարհը
Թրամփի առաքելությունը, ինչպես նա բազմիցս հայտարարել է, աշխարհն ազդեցության գոտիների բաժանված տեսնելն է. ԱՄՆ-ը գերիշխում է արևմտյան կիսագնդում, Չինաստանը՝ արևելքում, Ռուսաստանը՝ կենտրոնում (Ուկրաինայով անցնող բեկման գծով)։
Դա նշանակում է այդ տարածաշրջաններում ամերիկյան ազդեցության կամավոր հանձնում։ ԱՄՆ-ի գլոբալ ընդգրկման թուլացումը լիովին ձեռնտու է Սիին և Պուտինին։
Սին կգրկի Թրամփին, կուղեկցի նրան ոսկեզօծ սրահներով և այնպես կանի, որ ԱՄՆ նախագահն իրեն զգա աշխարհը կառավարող «երեքի խմբավորման» լիիրավ անդամ։ Առնվազն՝ որոշ ժամանակով։