Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված և անկայուն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև Իսլամաբադում բանակցությունների մասին հաղորդագրությունները միայն արտացոլում են երկխոսություն հաստատելու փորձերը․ կապերը անկանոն բնույթ ունեն և մինչ այժմ արդյունք չեն տվել։
Միևնույն ժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված զինադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ տարածաշրջանը շարունակում է մնալ երկարատև էսկալացիայի վիճակում, իսկ հետագա սրացման ռիսկերն էլ պահպանվում են։
NEWS.am-ը ներկայացնում է Մերձավոր Արևելքում երեքշաբթի գիշերը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների համառոտ ամփոփումը։
-
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին կոշտորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծը՝ դա անվանելով փաստերը աղավաղելու փորձ։
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնալով ավելի է հիասթափվում Թեհրանի բանակցային աշխատանքից և վերջին օրերին ավելի լուրջ է դիտարկում Իրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
-
Իրանի կողմից ամերիկյան կողմին ներկայացված հակամարտության կարգավորման ծրագիրը այլընտրանք չունի, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը։
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի ազգային անվտանգության թիմի հետ՝ Իրանում ստեղծված իրավիճակը և իրանական տարածքին հարվածները հնարավոր վերսկսելու հարցը քննարկելու համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։