Իրանի փոխարտգործնախարարը Հորմուզի վերաբերյալ ԱՄՆ բանաձևը որակել է որպես փաստերը խեղաթյուրելու փորձ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին խստորեն դատապարտել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը՝ այն որակելով որպես փաստերը խեղաթյուրելու փորձ։

X սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ Ղարիբաբադին նշել է, որ ամերիկյան կողմի առաջարկը «խնդրի էությունը փոխելու հերթական փորձն է․ նրանք ուզում են ռազմական ագրեսիայի ու ապօրինի շրջափակման հետևանքները վերածել դատական գործի։ Դա արվում է մի երկրի դեմ, որն այս պահին գտնվում է սպառնալիքների, ճնշումների և հարձակումների թիրախում»։

«Նավարկության ազատությունը հարգված իրավական սկզբունք է, սակայն այն չի կարելի մեկնաբանել ընտրողաբար, քաղաքական նպատակներով կամ ՄԱԿ-ի Կանոնադրությունից անջատ», — գրել է պաշտոնյան։

Ղարիբաբադին նշել է, որ «Ցանկացած տեքստ, որը փորձում է ներկայացնել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և չհիշատակել ագրեսիան, շրջափակումը, ուժի կիրառման սպառնալիքն ու սեփական անվտանգությունն ու կենսական շահերը պաշտպանելու Իրանի օրինական իրավունքը, կլինի սխալ, կողմնակալ, քաղաքականացված և ի սկզբանե դատապարտված կլինի ձախողման»։

Փոխարտգործնախարարը կարծիք է հայտնել, որ նման մոտեցումը չի նպաստի «ոչ լարվածության թուլացմանը, ոչ էլ ծովային անվտանգությանը»։

Նախորդ երեքշաբթի Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր ներկայացրել բանաձևի նախագիծ, որով Իրանից պահանջում է դադարեցնել Հորմուզի նեղուցում իրականացվող հարձակումները։ Հակառակ դեպքում Թեհրանին սպառնում են նոր պատժամիջոցներով և նույնիսկ ուժի հնարավոր կիրառմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *