Թրամփը FEMA-ի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Քեմերոն Համիլթոնի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) ղեկավարի պաշտոնում առաջադրել է Քեմերոն Հեմիլթոնի թեկնածությունը, հայտնում է AP-ն։ Հեմիլթոնը նախկինում արդեն ղեկավարել է գործակալությունը ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, սակայն ազատվել էր աշխատանքից այն բանից հետո, երբ դեմ էր արտահայտվել FEMA-ն լուծարելու գաղափարին։

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան այս որոշումը վկայում է վարչակազմի դիրքորոշման մեղմացման մասին, որն ավելի վաղ հայտարարել էր գործակալությունը վերացնելու մտադրության մասին։ Եթե Սենատը հաստատի թեկնածությունը, Հեմիլթոնը կդառնա նախագահի և Ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինի գլխավոր խորհրդականը։ Նա նաև կդառնա FEMA-ի առաջին մշտական ղեկավարը՝ Թրամփի երկրորդ նախագահության ժամկետում։ 2025 թվականի սկզբից ի վեր գործակալությունը ղեկավարել են երեք ժամանակավոր պաշտոնակատարներ, այդ թվում՝ հենց Հեմիլթոնը, ով պաշտոնավարել էր հունվարից մայիս ամիսներին։

Associated Press-ը նշում է, որ Հեմիլթոնը ստանձնում է Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) ղեկավարումը կադրային և կառուցվածքային լուրջ ճգնաժամի պայմաններում։ Գործակալությունը դեռ ուշքի չի եկել Ներքին անվտանգության նախարարության (ՆԱՆ) ղեկավար Քրիստի Նոեմի հակասական կառավարման հետևանքներից, որն ուղեկցվել էր զանգվածային ազատումներով, սահմանափակող քաղաքականությամբ և նախարարության աշխատանքի 75-օրյա դադարեցմամբ։

Հեմիլթոնի շուրջ տարաձայնությունները սկսվել են դեռ 2025 թվականի հունվարին, երբ նա նշանակվել է FEMA-ի ժամանակավոր ղեկավար։ Դա տեղի է ունեցել Թրամփի այն հայտարարությունից առաջ, երբ վերջինս ասել էր, որ պետք է «ազատվել» գործակալությունից։ Հեմիլթոնի և նախարարության ղեկավարության միջև հակասությունները սրվել են այն բանից հետո, երբ նա պաշտպանել է դաշնային կառավարությունը՝ աղետներից տուժած նահանգներին ու տարածքներին օգնություն ցուցաբերելու հարցում։

Հետագայում նրան ստիպել են պոլիգրաֆով («ստի դետեկտորով») ստուգում անցնել՝ կասկածելով փակ խորհրդակցությունից տեղեկատվության արտահոսքի մեջ։ Հեմիլթոնը հաջողությամբ անցել է ստուգումը, սակայն խոստովանել է, որ գիտակցում էր աշխատանքից ազատման անխուսափելիությունը։ Դա տեղի է ունեցել մայիսի 8-ին՝ ինչից մեկ օր առաջ նա Կոնգրեսում հայտարարել էր, որ FEMA-ի լուծարումը «չի բխում ամերիկացի ժողովրդի շահերից»։

Սենատում կարող են հարցեր բարձրանալ Հեմիլթոնի կառավարչական փորձի վերաբերյալ։ Օրենքը պահանջում է, որ FEMA-ի ղեկավարն ունենա արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում հաստատված հմտություններ և առնվազն հինգ տարվա ղեկավարման փորձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *