Կատարի նախկին վարչապետ Շեյխ Համադ բեն Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանին ուշագրավ բացահայտումներ է արել Իրանի միջուկային հավակնությունների և բանակցային մարտավարության վերաբերյալ՝ ընդգծելով Թեհրանի երկարաժամկետ ու անզիջում ռազմավարությունը։
Ըստ նախկին պաշտոնյայի՝ իրանցի բանակցողները տիրապետում են գործընթացները տարիներով ձգձգելու և անվերջ բանակցությունների մեջ մտնելու հմտությանը, որտեղ երբեմն նույնիսկ «հնարք չօգտագործելն է հենց հնարք հանդիսանում»։ Ալ Թանին շեշտում է, որ Իրանի համար միջուկային ծրագիրը ոչ թե սովորական նախագիծ է, այլ էքզիստենցիալ և ինքնիշխանության հարց, որը նրանք երբեք անվճար չեն զիջի Ամերիկայի Միացյալ Նահանգներին։
Որպես Իրանի կոշտ դիրքորոշման հիմնավորում՝ Կատարի նախկին վարչապետը մեջբերում է իրանցի պաշտոնյաներից մեկի հետ ունեցած զրույցը, որտեղ վերջինս մատնանշել է Ուկրաինայի օրինակը՝ շեշտելով, որ միջուկային զենքից հրաժարվելը հանգեցրեց աղետալի հետևանքների։ Թեհրանը սթափ գնահատում է տարածաշրջանային համատեքստը՝ տեսնելով, որ հարևան Իսրայելն ու Պակիստանը փաստացի տիրապետում են նման զինատեսակների, անկախ պաշտոնական հայտարարություններից։
Ալ Թանին կանխատեսում է, որ անկախ ժամանակի գործոնից՝ լինի դա մի քանի տարի, թե երկու տասնամյակ, Իրանն ի վերջո հասնելու է իր նպատակին և դառնալու է միջուկային տերություն, քանի որ դա դիտարկում է որպես պետության գոյության միակ երաշխիք։