Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայրը՝ Հովհաննես Գալյանը, իր մյուս դստեր նկատմամբ ծնողական պարտավորությունները չի կատարել՝ ալիմենտ չի վճարել, ու գործը հասել է դատարան։ Խոսքը վերաբերում է Սրբուհի Գալյանի խորթ քրոջը՝ Հասմիկ Հովհաննեսի Մկրտչյանին, ով, ըստ դատական նյութերի, երկար տարիներ գտնվել է ծանր սոցիալական և առողջական վիճակում։
Հրապարակված դատական ակտերից պարզ է դառնում, որ հայցվոր է հանդիսացել Իզաբելա Մկրտչյանը՝ Հասմիկ Մկրտչյանի մայրը։ Նա դատարան է դիմել ընդդեմ Հովհաննես Գալյանի՝ պահանջելով ալիմենտ վճարել իրենց անաշխատունակ՝ հաշմանդամություն ունեցող դստեր խնամքի և ապրուստի համար։ Գործը քննվել է քաղաքացիական դատարանում՝ «անաշխատունակ չափահաս զավակի խնամքի համար ալիմենտի բռնագանձման պահանջի մասին» հայցով։
Դատական փաստաթղթերից պարզ է դառնում, որ Հասմիկ Մկրտչյանը ծնվել է 1975 թվականին, իսկ 2002 թվականից տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Վերջինս ճանաչվել է առաջին խմբի հաշմանդամ, ստացել է ընդամենը 5950 դրամ թոշակ և համարվել է օգնության կարիք ունեցող անաշխատունակ չափահաս անձ։
Դատարանը նշել է, որ համաձայն Հայաստանի ընտանեկան օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի՝ ծնողը պարտավոր է նյութապես աջակցել օգնության կարիք ունեցող իր անաշխատունակ չափահաս զավակին։ Փաստաթղթեթի համաձայն՝ դատարանը Իզաբելա Մկրտչյանի հայցը բավարարել է մասնակի։
Վճռով սահմանվել է Հովհաննես Գալյանից հօգուտ Իզաբելա Մկրտչյանի բռնագանձել ամսական 15 հազար դրամ ալիմենտ՝ որպես օգնության կարիք ունեցող և անաշխատունակ չափահաս դստեր՝ Հասմիկ Մկրտչյանի ապրուստի միջոց։ Դատարանը նաև որոշել է, որ ալիմենտի բռնագանձումը պետք է սկսվի 2008 թվականի մայիսի 27-ից՝ հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից։
Բացի այդ՝ դատարանի վճռով Հովհաննես Գալյանից մեկ տարվա ժամկետով հավելյալ բռնագանձվել է ամսական 5 հազար դրամ։ Փաստաթղթում հատուկ ընդգծվել է, որ կողմերի միջև համաձայնություն չի եղել, և հենց այդ պատճառով հարցը տեղափոխվել է դատական հարթություն։
Արդյունքում բավականին տխուր պատկեր է ստացվում․ Հասմիկ Մկրտչյանի մայրը տարիներ շարունակ ստիպված է եղել միայնակ հոգ տանել երեխայի մասին և երկար դատական պայքար մղել, որպեսզի վերջինիս հայրը կատարի իր նվազագույն ծնողական պարտականություններն ու ալիմենտ վճարի։
Հետաքրքիր է նաև, թե արդյոք Սրբուհի Գալյանը, ով դպրոցում լավ է սովորել ու միաժամանակ չի հիշում՝ վե՞ց մլն դրամ պարգևավճար է ստացել, թե՞ յոթ, այդ միջոցներից որևէ աջակցություն ցուցաբերե՞լ է իր խորթ քրոջը՝ հոգեկան ծանր հիվանդությամբ տառապող Հասմիկ Մկրտչյանին։
Այսպիսով՝ մինչև Սրբուհի Գալյանը միլիոնների պարգևավճարներ է ստանում, իսկ նրա միայն հայտարարագրբած տարեկան եկամուտը գերազանցում է 45 մլն դրամը, նախարարի հաշմանդամություն ունեցող քույրը գոյության կռիվ է տալիս և պայքարում, որ սեփական հայրը կատարի իր նվազագույն ծնողական պարտականություններն ու ալիմենտ վճարի։
Հասմիկ Մովսիսյան




