Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Եվրամիությանն առաջարկել է օգնել Ռուսաստանի հետ բանակցություններում՝ օդանավակայաններին հարվածելուց փոխադարձաբար հրաժարվելու շուրջ համաձայնության գալու համար։ Ինչպես հաղորդում է Politico-ն, Սիբիգան այս գաղափարը հնչեցրել է Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի հովանու ներքո ընթացող դիվանագիտական գործընթացը դանդաղել է, իսկ Վլադիմիր Պուտինը լայնածավալ խաղաղության համաձայնագրի պատրաստակամություն ցույց չի տալիս։ Այդ իսկ պատճառով, նախարարի խոսքով, Կիևին բանակցություններում «հավանաբար անհրաժեշտ է Եվրոպայի օգնությունը»։ «Հնարավոր է՝ մենք փորձենք հասնել այսպես կոչված «օդանավակայանային զինադադարի»»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը՝ պարզաբանելով, որ խոսքը օդանավակայաններին հարվածելու փոխադարձ դադարեցման մասին է։
Սիբիգայի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է շահագրգռված լինել նման համաձայնությամբ, քանի որ ռուսական խոշոր օդանավակայաններն ավելի ու ավելի հաճախ են ստիպված լինում դադարեցնել աշխատանքը (անօդաչուների հարձակումների պատճառով)։ Նախարարը պարզաբանել է, որ եվրոպացի գործընկերները կարող են ստեղծել առանձին հարթակ կամ հատուկ աշխատանքային խումբ և քննարկել այս ձևաչափը՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն քննարկել է այս գաղափարը եվրոպական որոշ առաջնորդների հետ։ Միևնույն ժամանակ, Սիբիգան ընդգծել է, որ Ուկրաինան չի առաջարկում Եվրոպային բանակցություններում փոխարինել ԱՄՆ-ին։ «Սա պետք է լինի լրացուցիչ ուղղություն՝ ոչ թե փոխարինող կամ այլընտրանքային տարբերակ»,- ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Ուկրաինան պաշտոնապես փակել է իր օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար դեռևս 2022 թվականի փետրվարի 24-ին՝ լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից անմիջապես հետո։ Այդ ժամանակից ի վեր երկրում կանոնավոր ուղևորափոխադրումներ չեն իրականացվում։ Իսկ ահա Ռուսաստանում անօդաչուների հարձակումների պատճառով օդանավակայանները պարբերաբար դադարեցնում են իրենց աշխատանքը, ինչը երբեմն հանգեցնում է տրանսպորտային կոլապսի։
Այսպիսով, ըստ «Կոմերսանտ»-ի հրապարակած տվյալների (հիմնված «ԱլֆաՍտրահովանիե»-ի հաշվարկների վրա), 2025 թվականին ավելի քան 4,5 միլիոն ռուսաստանցի է բախվել չվերթների՝ երեք ժամ և ավելի ուշացումների հետ։ Հիմնական պատճառը անօդաչուների սպառնալիքի պատճառով թռիչքների սահմանափակումն է։ Միայն անցյալ տարվա հուլիսի 5-ին և 6-ին ռուսական օդանավակայանների աշխատանքի խափանումը, որի ընթացքում չեղարկվել էր մի քանի հարյուր և հետաձգվել շուրջ 2 հազար չվերթ, ավիաընկերությունների համար կարող էր արժենալ մոտ 20 միլիարդ ռուբլի։
Այս տարվա մայիսին Մոսկվայի օդանավակայաններում ընդամենը մի քանի օրվա ընթացքում ԱԹՍ-ների հարձակումների պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է մոտ 3 հազար չվերթ, իսկ ուղևորները ստիպված են եղել օրերով ապրել տերմինալներում։